Դեկտեմբերի 25-ին` Ս. Ստեփանոս նախավկայի տոնի առթիվ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ Երևանի 12 եկեղեցիներից 55 անձիք դպրական աստիճան ստացան: Դպրական տվչությունից հետո Նավասարդ Սրբազանը նրանցից 4-ին արժանացրեց ուրարակրության: Արարողության ավարտին Սրբազան հայրը շնորհավորեց նորընծա դպիրներին և ուրարակիրներին, նրանց հոգևոր հովիվներին ու հարազատներին. «Անսալով մեր հոգևոր հովիվների հայցերին՝ 55 անձիք Ս. Ստեփանոսի տոնի առթիվ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ստացան դպրական աստիճան: Մենք հույս ունենք, որ այս տարբեր սերնդի դպիրները, Մայր Եկեղեցու այս նավի մեջ լինելով, կկարողանան նավավարել մեկ ուղղությամբ՝ դեպի փրկության խաղաղ նավահանգիստ ու չեն շեղվի իրենց առաքելությունից, եթե անգամ «քարեր նետեն», ինչպես նահատակվեց Ս. Ստեփանոսը: Նրա օրինակը և բարեխոսությունը թող ներշնչանք լինի ամենքիդ համար, որպեսզի ձեր ծառայությամբ պտղաբեր լինի Առաքելական Եկեղեցու հոգևոր անդաստանը:
Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում նաև հոգևոր հովիվներին, որոնց սերմնած հունդերն այսօր պտղաբերեցին: Թող հավատացյալների, դեպի երկինք բարձրացող, աղոթքները զորացնեն ձեզ հոգևոր ծառայության մեջ նախանձախնդրությամբ ու հաստատուն հավատքով առանորդվելու համար: Շնորհը, սերը, խաղաղությունը լինեն ձեր և ներկա հավատացյալների հետ. ամեն»:
Դպրական տվչության կարգը կատարվում է առաքելական հաջորդականությամբ իշխանություն ստացած եպիսկոպոսի ձեռամբ, ով ընծայացուին իշխանություն է տալիս սպասավորելու եկեղեցում: Եպիսկոպոսը դպիրներին տալիս է Ժամագիրք, ավել, բանալի, Աստվածաշունչ, Մաշտոց ծիսամատյան, մոմակալ, բաժակ: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Արարողության ընթացքում եպիսկոպոսն ընծայացուների գլխից մազափունջ է կտրում, ինչը խորհրդանշում է աշխարհիկ ցանկություններից հրաժարվելը: Դրանից հետո նրանց Ժամագիրք է տալիս, որպեսզի իրավունք ունենան եկեղեցում սաղմոսներ ու քարոզներ կարդալու: Ապա նրանց փոխանցում է ավել, որով եկեղեցին մաքրելու իրավունք են ստանում, հետո բանալի՝ եկեղեցին բացելու, Աստվածաշունչ՝ արարողությունների ժամանակ ընթերցումներ անելու իրավունքների համար: Մաշտոց ծիսամատյանը իրենց ձեռքն առնելով՝ դպիրները հանձնառու են դառնում օգնելու քահանաներին ու մասնակցելու ծեսերին: Մոմակալը վերցնելով նրանք իշխանություն են ստանում վառել եկեղեցու մոմերն ու կանթեղները: Վերջին առարկան բաժակն է, որով նրանք կարող են գինի մատուցել Ս. Պատարագի ժամանակ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին