Դեկտեմբերի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց Առաջնորդության ինստիտուտ, որտեղ երիտասարդները կազմակերպել էին տարեվերջյան հաշվետու հանդիպում: Սրբազան հորն ուղեկցում էր թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Կազմակերպության նախագահ Նաիրա Աջամյանը սիրով ողջունեց Սրբազան հորն ու տեսաֆիլմով ներկայացրեց անցնող տարվա ընթացքում իրենց իրականացրած ծրագրերն ու դրանց արդյունքները: Նա նշեց, որ 2018-ին իրականացրել են չորս մեծ ծրագիր՝ «Ալֆա» դասընթաց, «Առաքելական սերունդ», «Առաջնորդություն», «Մարտահրավեր»:
Ծրագրերն իրականացվել են բոլոր ցանկացողների համար, սակայն հատուկ ուշադրության են արժանացրել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, նրանց հոգևոր կարիքները: Երիտասարդներն, իրար հերթ չտալով, պատմում էին ուխտագնացությունների, տարբեր ուղևորությունների, հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպած ճամբարի ու նրանց մատնանշած մարտահրավերների մասին:
Այս տարի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կարողացել են ստեղծել հնարավորություն՝ իրականացնելու անհնար թվացող երազանքը՝ թռիչք զիփլայնով: Առաջիկա ծրագրերի մասին խոսելով՝ նրանք պատմեցին, որ շարունակելու են կույրերի ու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված ծրագրերը:
Նավասարդ Սրբազանը բարձր գնահատեց երիտասարդների նվիրումն ու նախանձախնդրությունը, պատասխանեց նրանց հարցերին ու խոսեց ազգային արժեքների պահպանման, դրանց կրողն ու տարածողը լինելու կարևորության մասին: Սրբազան հայրը նրանց հորդորեց հոգևորին զուգահեռ ուշադրություն դարձնել մշակութային ծրագրերին, որպեսզի Առաջնորդության ինստիտուտ այցելող երիտասարդները կարողանան ձևավորել ճաշակ:
Երիտասարդները շնորհակալություն հայտնեցին Սրբազան հորն իրենց հյուրընկալվելու, հետաքրքիր խորհուրդների ու աջակցության համար: Արդեն երկար տարիներ է՝ նրանք Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո ծավալում են իրենց գործունեությունը, իրականացնում բազմազան ծրագրեր: Տ. Պետրոսի հոգևոր հովվության ներքո նրանք նաև մասնակից են դառնում թեմի երիտասարդական կառույցների աշխատանքներին: Հանդիպման ավարտին Նավասարդ Սրբազանը պահպանիչ աղոթքով արձակեց երիտասարդներին ու շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ ուժ ու եռանդ մաղթեց նրանց իրենց ծրագրերն առավել արդյունավորելու համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին