Այսօր հունվարի 10-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը կատարեց նորակոչիկների օրհնության կարգ:
«Արդեն 10 տարուց ավել է, որ մեր եկեղեցին իրականացնում է նորակոչիկների օրհնության կարգ: Բոլորս միավորված ենք մեր հայրենիքի սիրով, եթե այդ սերը փոխանցենք միմյանց ոչ միայն ծառայության ժամանակ, այլ նաև մեր երկրի շենացման բոլոր հանգրվաններում, կդառնանք անպարտելիներ թե՛ բանակում, թե՛ կյանքում: Բարի ճանապարհ ենք մաղթում բոլորիդ՝ ակնկալելով, որ ծառայությունից հետո դարձյալ պետք է գաք եկեղեցի՝ օրհնություն ստանալու: Աղոթում ենք, որ Տիրոջ լույսը, ջերմությունը, պահպանությունը մշտապես լինի ձեզ հետ: Աստված մեծ սիրո մեջ պահի ձեզ և ձեր ընտանիքներին»:
Շուրջ 65 նորակոչիկ այսօր տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի կողմից ստացան օրհնված խաչեր և բուկլետներ՝ Վարդանանց տոնի հետ կապված, որպեսզի Վարդանանց հերոսների ուժը և մարտական ոգին փոխանցվի մեր ապագա հայրենիքի պաշտպաններին:
Մարիետտա Խաչատրյան