Եկեղեցու համայնքն ապրեց հույսի և կյանքի տոնի ուրախությունը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Եկեղեցու համայնքն ապրեց հույսի և կյանքի տոնի ուրախությունը

Եկեղեցու համայնքն ապրեց հույսի և կյանքի տոնի ուրախությունը

Քրիստոնեական մտածողության համար պատահական չէ Ամանորի և Սուրբծննդյան տոների հաջորդականությունը, ժամանակի և կյանքի խորհուրդների այս ներքին կապը: Քրիստոսի ծնունդը մարդկության մեծ ընտանիքի համար ուրախության, երջանկության, նորոգության, «առավել» կյանքով ապրելու և աշխատելու սրբազան կոչ պարունակող տոն է:

 

 Հոգեպարար այդ ուրախության և երջանկության զգացումներով լի` Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, Սուրբ Ծննդյան ութօրէքի վեցերորդ օրը՝ հունվարի 12-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, նշեց Սուրբ Ծնունդը և հին տոմարով Նոր Տարին: 

 

 

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամները «Տերը քեզ հետ է» երգով այն կարևոր գաղափարին անդրադարձան, որ տոնը քեզ հետ է, երբ քո սրտում է Տերը: Երկնքի Արքայությունը մարդու սրտում է, այն ուրիշ տեղ փնտրել պետք չէ՝ հատկապես օտար ափերում: Ամանորյա և Սուրբծննդյան ուրախ սեղանների շուրջ համախմբված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ճանապարհեց անցնող տարին, որ հոգևոր, եկեղեցական, մշակութային և սոցիալական իրադարձություններով լի տարի էր և վառ հույսերով, անկոտրում հավատով ու լավատեսությամբ ողջունեց Նոր տարին, որ նոր կյանքի և ծառայության մի նոր էջ է իր համար: 

 

 

Սեղանների շուրջ Ամանորի և Սուրբծննդյան խոհերով ու մտորումներով լեցուն ջերմիկ մթնոլորտ էր տիրում: Համայնքի յուրաքանչյուր անդամ հույսի և կյանքի տոնի ուրախությունն էր ապրում: Տոնական երեկոն հագեցած էր անակնկալներով, որոնք պատրաստել էին տիկնանց միության անդամները: 

 

 

Տեր Գրիգորը տոների առթիվ իր շնորհավորանքի խոսքն ուղղեց համայնքի անդամներին. «Խնդության և հրճվանքի, մտորելու և նոր եռանդով կյանքի հորձանքն ի վեր Տիրոջով մաքառելու նոր հնարավորություն ունենք բոլորս: Ամանորն այն հանգրվանն է, որ մարդը կանգ է առնում և հետադարձ հայացք գցում իր անցած ճանապարհին՝ տեսնելու ժամանակի և տարածության մեջ իր ծրագրերի և երազանքների իրականացման պատկերը: Աղոթքս ու մաղթանքս է, որ լցվենք Սուրբ Ծնունդի կենարար լույսով, փրկության հույսով: Կրողները լինենք այդ լույսի մեծ պատասխանատվության: Ստանձնե՛նք Սուրբծննդյան լույսը մեր հոգիներում անմար պահելու և շրջապատող աշխարհի խավարում տարածելու առաքելությունը: Նրա հետ նոր կյանքով ծնվենք՝ Քրիստոսապատգամ անձնազոհ սիրով լցված կյանքով, և թող այդ կյանքից մշտապես ճառագի Տիրոջ Ծննդյան փրկչական լույսն ու ավետի ամենքին. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»: 

 

 

Հույսի և կյանքի տոնի խորհրդի առջև համախմբված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր դասի առաջնորդությամբ, ցնծությամբ և գոհությամբ մուտք գործեց Նոր տարի՝ պատրաստակամորեն շարունակելու եկեղեցաշեն ու հայրենանվեր իր առաքելությունը: Մարդկային կյանքի արժեքը ապրած տարիների մեջ չէ, «ոչ թուով ամացն չափեսցի», այլ հոգևոր, իմացական հասունության և կատարելության մեջ: 

 

 

Կարինե Սուգիկյան 

  • 2019-01-14
×