Կյանքի կոչվեց «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մանուկների հետ» բարեգործական ծրագիրը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Կյանքի կոչվեց «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մանուկների հետ» բարեգործական ծրագիրը

Կյանքի կոչվեց «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մանուկների հետ» բարեգործական ծրագիրը

Ամանորի և Ս. Ծննդյան մեծախորհուրդ տոներն առանձնանում են յուրահատուկ բերկրանքի և ուրախության, լավատեսության ու բարի ակնկալիքների ապրումներով: Այդ հրաշալի զգացմունքները, որոնցով բռնկվում են թե՛ մեծերի և թե՛ հատկապես մանուկների սրտերը, ուղեկցվում են երազանքների իրականացման անհամբեր ու լիահույս սպասումներով: Սակայն ցավով կարելի է անդրադառնալ այն տխուր իրականությանը, որ մանկական նույնիսկ ամենաչնչին երազանքները երբեմն մնում են անկատար, իսկ լիահույս սպասումները՝ փոխակերպվում հուսախաբության ու տրտմության: Այս գիտակցությամբ Ամանորի և Ս. Ծննդյան տոների ջերմությունն ու խնդությունը մանուկներին փոխանցելու նպատակով՝ հունվարի 12-ին Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու «Զատիկ» երիտասարդաց միությունը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Տ. Հովսեփ քհն. Սարգսյանի նախաձեռնությամբ, ինչպես նաև Ձմեռ պապի ուղեկցությամբ այցելեցին Արևշատի մի շարք ընտանիքների: Երեխաների հետ այդ անմոռաց ակնթարթներն ուղեկցվեցին կիթառի հնչյուններով՝ շնորհալի Տիգրան և Վարդան Թադևոսյանների կատարումներով, տոնական երգ ու պարի ուրախ մթնոլորտում, որի ընթացքում Ձմեռ պապը նվերներ բաժանեց նրանց: Այցելությունների ընթաքում կատարվեցին նաև Ս. Ծննդյան տնօրհնեքի արարողություններ: Աստվածահաճո այս նախաձեռնության մասնակիցները սրտի մեծ ուրախություն ապրեցին՝ Ամանորի և Ս. Ծննդյան տոներն իմաստավորելով բարի ու հոգեշահ գործերով: Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին և օժանդակեցին աստվածահաճո այս ծրագրի իրականացմանը:

  • 2019-01-15
×