Հունվարի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը տնօրհնեքի կարգ կատարեց Մարգարյան ծննդատանը:
Տեր հայրը փոխանցեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը և իր խոսքն ուղղեց բոլոր ներկաներին.«Մենք շաբաթվա բոլոր օրերին գրեթե աշխատում ենք, ուստի մեկ օր պետք է ժամանակ գտնենք ընտանիքով եկեղեցի հաճախելու և Ս. Պատարագին մասնակցելու համար»:
Տեր Զենոն քահանա Բարսեղյանն ընդգծեց նաև եկեղեցի հաճախելու կարևորությունը.«Քանի որ մենք շատ ժամանակ չենք գտնում ընտանիքի անդամների հետ շփվելու համար, ուստի սա ընտանիքի միասնականությունն է խորհրդանշում: Չմոռանանք նաև, որ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2019 թվականը ընտանիքի տարի է հռչակել: Մեր ընտանիքներից է կազմված եկեղեցու մեծ ընտանիքը և որքան ամուր լինի այն, այնքան լավ ապագա է մեզ սպասվում: Հենց այստեղից է ծնունդ առնում երեխան, ուստի հետևողական լինենք, որ նրանք հոգևոր կրթություն ստանալով` դառնան ճիշտ արժեքների կրողներ»: Հանդիպման վերջում Տեր Զենոն քահանա Բարսեղյանը օրհնեց բոլոր ներկաներին, աշխատակազմի անդամներին և նորածիններին։
Լիլիանա Օսիպյան