Բանակի օրվա առիթով Ս. Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Բանակի օրվա առիթով Ս. Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս. Հովհաննես մատուռ-մկրտարանում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ:
Սուրբ Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանն անդրադարձավ օրվա խորհրդին՝ ի մասնավորի նշելով, որ հայ քրիստոնյան թե՛ հոգևոր, թե՛ առօրյա կյանքում և թե՛ ծառայության մեջ մշտապես պետք է լինի արթուն, որովհետև զգոնությունը թուլացնելու, թմրելու ու ննջելու իրավունք չունի, այլապես անխուսափելի կորուստներ կունենա: «Սակայն ինչպես որ չարը՝ սատանան է փորձում քրիստոնյա մարդու զգոնությունը թուլացնել, ուշադրությունը շեղել փրկության գերխնդրից շեղելու համար, այդպես էլ մեր մարմնավոր թշնամին է փորձում մեր ընդհանուր, այդ թվում՝ բանակի ուշադրությունը շեղել և մեր արթնությունը չեզոքացնել զանազան ճանապարհներով ու ստոր միջոցներով: Հետևաբար այս կոչն արդիական է բազմապատիկ չափով և միշտ հնչում է այսպես. «Արթո՛ւն կացեք և պատրա՛ստ եղեք, որովհետև չգիտեք, թե թշնամին որ ժամին կգա»:
Արթնության և թշնամուն դիմագրավելու այս կոչը երեք մակարդակ ունի՝ անհատական, ընտանեկան ու պետական, և այս մակարդակներից և ոչ մեկում ծուլությունն ու թմբիրը, ինչպես նաև «ութերորդ մահացու մեղք» անտարբերությունը, «այս խնդիրն ինձ չի վերաբերում»-ը տեղ չունեն. դրանք ուղղակի անթույլատրելի են:
Անհատական պատրաստության ու զգոնության լավագույն օրինակներից մեկը հենց զինվորականի կերպարն է՝ անկախ աստիճանից: Ծառայության ողջ ընթացքում զինվորի գոտին կապված է, որ խորհրդանշում է ամեն վայրկյան թշնամուն դիմագրավելու և մարտի նետվելու նրա պատրաստակամությունը: Այդ պահը հեռու է, թե մոտ՝ ոչ ոք չգիտի: Ով ժամը գիտի, կարող է անհրաժեշտ պահին հսկել, իսկ ով չգիտի, ամեն ժամ պիտի հսկի: Մեր դեպքում երկրորդն է, ուստի հայ զինվորն ու զորականը զօրուգիշեր են հսկում և պատվով կատարում իրենց ծառայողական պարտականությունները՝ իրենց զրկելով բաղձալի հանգստի նույնիսկ կարճատև պահերից: Գոտին մեջքներին կապած ու ճրագը վառած (հմմտ. Ղուկ. ԺԲ 35) սպասելը, ավետարանական պատմության նմանությամբ, նշանակում է հանգստի չտրվել, որովհետև երբ ցկյանս ծառայության ժամկետը լրանա, այն ժամանակ միայն ծառաները, մեր դեպքում՝ զինվորն ու զորականը, կարող են գոտիներն արձակել, ճրագները մարել ու գիշերային հանգիստը վայելել:
Գաղտնիք չէ, որ մենք բանակ-ժողովուրդ ենք, բանակ՝ նորածնից մինչև ալեհեր ծերունի, իսկ այդպիսին լինել մեզ պարտադրել է պատմական մեր բարդ ճանապարհը, ուստի վերը նկարագրված ձևով ուղղակի պարտավոր ենք միշտ արթուն հսկել՝ բոլորով զինվոր դարձած՝ երբեք գոտիներս չթուլացնելով: Այդպիսի զգաստության ու արթնության պահերը ազգի լինել-չլինելու օրերին ակնհայտ ու անուրանալի արդյունք են տվել, ուստի և իբրև հավիտենական օրինակ մեր աչքի առջևից չպիտի հեռացնենք», - ասաց Սրբազան Հայրը՝ հորդորելով արթնություն պահելու, զգոն ու սթափ մնալու հարցում մշտապես աղոթքի կանգնել, քանի որ աղոթքը մտքին պարզություն ու զորություն է հաղորդում և մղում միակ ճիշտ որոշումը կայացնելու, ինչը շիտակ լինելուց զատ՝ հաճելի է նաև Աստծուն:
Վերջում Վրթանես Սրբազանը, շնորհավորելով ներկաներին Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ, մաղթեց, որ մշտապես արթուն լինեն, համարժեք գործերով ու քայլերով դիմագրավեն թշնամու ոտնձգությունները՝ գոտեպնդված մարմնավոր ու հոգևոր սպառազինությամբ:
Ս. Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին Երկնավոր Տիրոջը Հայաստան աշխարհի խաղաղության ու անսասանության և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար: Այնուհետև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Հայրապետն օրհնեց սպայական անձնակազմին ու զինվորներին բաշխվելիք «Աշոտ Երկաթի Խաչ» կրծքանշանները:
Ապա Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն: Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խնդրանքին, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք բարձրաստիճան զինվորականների:
Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ԱՀ ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին, Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին, ՀՀ ՊՆ ԲՍԽ խմբի անդամ գենարալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանին, ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Գայանե Հովհաննիսյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանապետի տեղակալ գնդապետ Աղասի Բագրատունյանին, ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորման հրամանատար գնդապետ Ժիրայր Պողոսյանին և ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Կիրակոսյանին: Վեհափառ Հայրապետը նաև «Աշոտ Երկաթի Խաչ» կրծքանշաններ հանձնեց նաև ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, պաշտպանության նախարարի տեղակալներին, վարչության պետերին ու բարձրաստիճան սպաներին:
Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ արժանացան պարգևների:
«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնվեց Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Արամ քահանա Միրզոյանին, Արարատյան Հայրապետական թեմի Երևան քաղաքի Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանին, գնդերեցներ Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Հագեյանին ու Տ. Երեմիա քահանա Սարգսյանին: «Դրաստամատ Կանայան» մեդալ շնորհվեց գնդերցներ Բարեշնորհ Գևորգ սարկավագ Ստեփանյանին, Մանվել սարկավագ Սարգսյանին և Հակոբ սարկավագ Մալխասյանին:
Շնորհաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելով ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին Բանակի օրվա կապակցությամբ, ուրախությամբ արձանագրեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել բանակին նվիրված տոնը Մայր Աթոռում սկսել աղոթքով՝ Հայրենիքի ու նրա պահապանների համար Երկնավոր Տիրոջից հայցելով խաղաղություն և ոգու անսասանություն: Նորին Սրբությունը Հայոց բանակի քաջազուն մարտիկներին մաղթեց, որպեսզի Ամենակալ Տերը մշտապես ամուր պահի նրանց բազուկը և երբեք չխաթարվի Հայոց աշխարհի սահմանների խաղաղությունը:
Իր հերթին ՀՀ Պաշտպանության նախարարը, շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին, շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին զինվորականների նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար: Պրն. Տոնոյանը կարևորեց գնդերեցների ծառայությունը ՀՀ Զինված ուժերում, նաև վստահեցրեց, որ Հայոց բանակի քաջարի զինվորները հանդարտ հոգով և անսասան հավատով անելու են առավելագույնը հանուն Հայրենիքի պաշտպանության: