Հայոց բանակի ծնունդը հայ ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության և հայրենասիրության արգասիքն է: Ամենքիս համար բանակի տոնը փառավոր տոն է՝ հաղթանակած ու կերտված է հայրենաշունչ և հրաշունչ զինվորների քաջագործություններով:
Մեր բանակը կայացած է հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ:
Այսօր ուզում ենք շնորհավորել հատկապես մեր զինվորներին, ովքեր զորակոչվելով հայկական բանակ, պարզ զինվորից վերածվել են Հայրենիքի զինվորի: Հայրենիքի զինվոր կարող է լինել նա, ով գիտակցում է, ով համոզված է, որ մեր Հայրենիքի անվտանգությունը, մեր Հայրենիքի պաշտպանությունը մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է:
Հայրենիքի զինվոր կարող է դառնալ նա, ով գիտակցում է, որ լիարժեք կատարելով իր պարտքը՝ նա առաջին հերթին պաշտպանում է իր ծնողներին, պաշտպանում է իր քույրերին, եղբայրներին, իր ապագա երեխաների մորը, իր հայրենի օջախը և այս հավաքականության մեջ՝ մեր Հայրենիքը:
Հայրենյաց պաշտպան զինվորի կերպարը, մեր ժողովրդի ընտրագույն կերպարն է, հուրախություն մեզ այսօր մեր կողքին են հայրենիքի ու հայության արժանապատվությունը պահող քաջասիրտ զինվորները:
Մեր զինվոր զավակները հերոս անցյալի զարմից են, հայոց փառահեղ պատմությունը կրողն ու ժառանգորդն են և առավել փառապանծ պատմության նորօրյա կերտողները:
Սիրելի՛ զինվորներ, շնորհակալություն ենք հայտնում ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր անկախ սոցիալական վիճակից, շատ մեծ դժվարությամբ, տառապանքով ձեզ ծնել, դաստիարակել ու կրթել են, և դուք դարձել եք մեր Հայրենիքի լիարժեք քաղաքացիներ:
Սիրելի՛ զինվորներ, ձեզ մաղթում ենք բարի ծառայություն, անփորձանք ծառայություն: Վստահ եղեք, որ ձեր, ձեզնից առաջ ծառայողների, անշուշտ նաև՝ մեր նահատակված զինվորականների վաստակն է լինելու այն հիմքը, որի վրա Հայաստանի Հանրապետությունը դառնալու է անխոցելի, ուժեղ պետություն:
Մեր երախտիքն ենք բերում ձեզ, մեր սիրելի՛ զինվորներ, ձեր ամենօրյա նվիրական ծառայությամբ մարտական ոգին և զգացումը մշտանորոգ պահելու համար:
Հայոց ոստանի նվիրյա՛լ զինվորներ, թող Բարձրյալն Աստծո Սուրբ Աջը պահապան լինի ձեզ, նաև զորակից և մարտակից՝ ձեր սուրբ ու նվիրական առաքելության մեջ: