Այսօր՝ փետրվարի 15-ին, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի դահլիճը սովորականից մարդաշատ էր, առիթը՝ սպասված: Երիտասարդներն այսօր Արարատյան Հայրապետական թեմի և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ տոնում էին երիտասարդների բարեխոս՝ Ս. Սարգսի տոնը:
ԱՀԹ տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը միջոցառման սկզբում ողջունեց բոլոր ներկաներին և նրանց փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը.«Արարատյան Հայրապետական թեմը սիրով ողջունում է ձեզ: Այս միջոցառումը մեզ համար գեղեցիկ ավանդույթ է դարձել և, հուսանք՝ այն շարունակական բնույթ կկրի»:
Միջոցառման ընթացքում իր ողջույնի խոսքով հանդես եկավ Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը. «Շնորհակալություն ենք հայտնում մասնակցության համար, և կարծում եմ, որ այսօր այս աղի բլիթները ճաշակելուց հետո, ազգային ավանդույթի համաձայն՝ տեսնելու եք երազում ձեր երկրորդ կեսին, ում հանդիպելու եք այս տարվա ընթացքում, վստահ եմ, ուղղակի պետք է հավատալ դրան»:
Տեր Եսային մեկնելով տոնի հագևոր խորհուրդն՝ ընդգծեց. «Ս. Սարգսի տոնը հրաշալի առիթ է՝ համախմբվելու և սիրո մասին խոսելու: Ս. Սարգիսը զորավար էր, ով իր քրիստոնեական հավատքը դրսևորեց աղոթքով, սիրով ու անսասան հավատքով: Սերը, որը մենք տեսնում ենք սրբի վարքի մեջ, արժևորվում է գործով, և այդ սերը բերեց նրան, որ Ս. Սարգիսն իր 14 զինվորներով և իր Մարտիրոս որդու հետ նահատակվեց հանուն Աստծո սիրո: Եվ այս օրինակը շատ առաջնային է այսօր մեզ համար և բոլոր ժամանակներում: Ինչ էլ անենք, որտեղ էլ մենք լինենք, ինչ ծառայություն էլ իրականացնենք, այդ ամենն անենք այն մեծ սիրով, որի օրինակը թողեց մեզ Ս. Սարգիսը: Պատահական չէ, որ Ս. Սարգսի այդ սերը մեր ժողովրդի մեջ արձագանքվեց և դարձավ գեղեցիկ ավանդույթ. ծնվեց այսպիսի գեղեցիկ տոն: Քրիստոնեական սիրո ամենակարևոր խորհուրդն այն է, երբ սիրում ես առանց պայմանի, առանց որևէ ակնկալիքի: Քրիստոս մեզ պատգամում է, որ չկա ավելի մեծ սեր, քան այն, երբ մարդն իր կյանքն է տալիս հանուն իր սիրելիի: Տա Աստված, որ մենք կարողանանք անմնացորդ սիրով կառուցել մեր կյանքը»:
Միջոցառումը համեմված էր երգ ու պարով, ասմունքով և, իհարկե, սիրո անակնկալ խոստովանություններով: