«Գաղտնի Գրքասեր»՝ սիրո գեղեցիկ դրսևորում

«Գաղտնի Գրքասեր»՝ սիրո գեղեցիկ դրսևորում

Արարատյան Հայրապետական թեմի և «Բուկինիստ» գրախանութների ցանցի համագործակցությամբ իրականացվեց «Իմ գաղտնի գրքասեր կամ սիրո խոստովանություն գրքով» ծրագիրը, որը 2017թ.-ից սկսած գրավել է շատ գրքասերների ուշադրությունը և դարձել սիրելի նախաձեռնություն.«Երբ մտածում էինք, թե ինչպես կարելի է երիտասարդներին բերել ինտելեկտուալ հարթակ և տոնն ավելի հետաքրքիր դարձնել, համատեղ ծնվեց այս ծրագրի գաղափարը, որն արդեն երրորդ տարին է՝ անցկացնում ենք»,-իր խոսքում նշեց Բուկինիստ գրախանութների ցանցի PR մենեջեր Նարա Եփրեմյանը:

 

 

Բազմաթիվ մարդիկ սիրելիներին իրենց սերն ու ուշադրությունը փոխանցեցին գրքով. այն ձեռք բերելով գրախանութում՝ հատուկ էջանշանի վրա թողել էին իրենց սիրելիի կոնտակտային տվյալները: Վերջիններս հրավիրել էին գրախանութ՝ ստանալու իրենց նվերները՝ առանց նվիրողի անձը բացահայտելու:

 

 

Բուկինիստում տիրող տրամադրությունը տոնական էր, իսկ նվեր ստացողների շփոթվածությունը՝ անկեղծ ու բնական:

 

 

Նվեր ստացողների մեջ գտնվեցին ամուսիններ, ում համար նվեր էր պատրաստել զոքանչը և նվերը մակագրել աղջկան՝ իր անունից, իսկ տղային աղջկա անունից.«Տպավորություններս պարզապես ապշեցուցիչ են, անչափ տպավորված եմ: Առաջին անգամ եմ մասնակցում այս ծրագրին, բայց ցանկանում եմ, որ այն լինի շարունակական, քանի որ սիրո խոստովանությունն անել գրքով շատ խրախուսելի է: Ես մասնագիտությամբ բանասեր եմ և, գաղտնիք չէ, որ մենք գրքերին այլ կերպ ենք վերաբերում: Նվեր եմ ստացել «Փարիզի Աստվածամոր տաճարը», որն իմ ամենասիրելի գիրքն է»:

 

 

Հավաքվածներից շատերն այդպես էլ չկռահեցին, թե ովքեր են իրենց գաղտնի գրքասերները: Սուրեն Ստեփանյանը, ով ներկայացել էր իր սիրած աղջկա հետ, զարմացավ, երբ իմացավ, որ ունի գաղտնի երկրպագու.«Վա՜յ, լավ է սիրածս աղջիկը խանդոտ չէ, թե չէ ընտանիքս քանդվելու էր (ծիծաղում է)»:

 

 

Նվեր ստացողներից անմասն չէին մնացել տատիկ-պապիկները, որոնց համար օրն իսկապես տոնի էր վերածվել: Տիկին Լաուրան անկեղծացավ, որ չէր սպասում նման նվերի.«Երբ ինձ զանգահարեցին և ասացին, որ անակնկալ ունեմ, զարմացա, բայց, ինչ խոսք, հաճելի էր: Երբ արդեն տեսա գրքի հեղինակին և ստեղծագործությունը՝ Հերման Հեսսեի «Հուլունքախաղը»-ն է, արդեն վստահ կարող եմ ասել, որ սա ամուսնուս ձեռքի գործն է (ծիծաղում է): Խաղարկության ժամանակ նվեր եմ ստացել թատրոնի տոմս, որին ներկա կգտնվեմ հենց ամուսնուս հետ»:

 

 

Գաղտնի գրքասերների շարքում աղջիկները մեծամասնություն էին կազմում, ինչը խոսում էր այն մասին, որ նրանք ավելի համարձակ էին գտնվել: Գրքով սիրո խոստովանություններ էին արվել նաև զինվորներին, ովքեր, ի դեպ, նոր էին եկել բանակից.«Երկու շաբաթ առաջ եմ վերադարձել բանակից ու նման հաճելի անակնկալ ստացա: Գրքի նվիրողի մասին պատկերացում անգամ չունեմ, բայց շատ զգացված եմ, վստահ գիտի, որ գիրք ընթերցել սիրում եմ»,- պատմեց Մելքոնյան Մուշեղը և հավելեց. «Երբեք սիրո խոստովանություններ անելուց աչքի չեմ ընկել, լավ չի ստացվում ինձ մոտ (ժպտում է), բայց սա լավ այլընտրանքային տարբերակ է: Եթե նվիրողը հայտնվի, խոստանում եմ իր հետ գնալ թատրոն և լավ ժամանակ անցկացնել»:

 

 

Գիրք ստացողների մեջ էր նաև լրագրող-հաղորդավար Համլետ Առաքելյանը, ում համար, իրոք, մեծ անակնկալ էր, քանի որ այն ձեռագիրը, որով մակագրված էր նվերը իրական գաղտնի գրքասերինը չէր, ուստի դրանով առաջնորդվե մեր հերոսը չէր կարող.« Ես պատկերացում անգամ չունեմ, թե ով կարող է լինել, բայց այս նվիրողը շատ-շատ լավ գիտի իմ գրական նախասիրությունների մասին: Հուսամ՝ մինչ երեկո կպարզվի, թե ով է եղել (ժպտում է)»:

 

 

Ի դեպ, գիրք նվեր ստացողների համար Արարատյան Հայրապետական թեմը, Բուկինիստն ու ծրագրի գործընկերները նաև այլ նվերներ էին պատրաստել. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ու Համազգային թատրոնը՝ ներկայացումների տոմսեր, Գուրմե-Դուրմեն՝ համեղ շոկոլադներ, Լոֆթը՝ նվեր փաթեթներ, Կինո Մոսկվան՝ֆիլմերի տոմսեր:

 

 

Լիլիանա Օսիպյան

  • 2019-02-15
×