Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Պատարագ Ս. Սարգսի տոնի առթիվ
Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Պատարագ Ս. Սարգսի տոնի առթիվ
Փետրվարի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց մեր ամենասիրելի սրբերից մեկի՝ Ս. Սարգիսի, նրա որդի Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների տոնը:
Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Ս. Պատարագ մատուցվեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
Ս. Պատարագից առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի էին բերվել Ս. Սարգսի մասունքակիր աջը և 17-րդ դարում այս եկեղեցում ընդօրինակված ձեռագիր Ավետարանը, որն այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հավատացյալները թափորով դիմավորեցին սրբությունները, որոնք Ս. Պատարագի ընթացքում դրված էին Ս. Սեղանին:
Հավարտ Ս. Պատարագին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ: Սրբազան հայրը Ս. Սարգսի աջով ու Ավետարանով օրհնեց զինվորներին ու ներկա հավատացյալներին:
Մասունքակիր աջն ու Ավետարանը եկեղեցում մնացին, մինչև երեկոյան ժամերգություն: