Երևանցիների համար Ս. Սարգսի տոնի ամենամյա խաչերթը սպասված միջոցառումներից է: Այսօր՝ փետրվարի 16-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից հոգևորականների առաջնորդությամբ երիտասարդները, Ս. Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորի ու թմբկահարների ուղեկցությամբ քայլեցին դեպի Սիրահարների պուրակ: Խաչերթին մասնակցեցին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական բոլոր կառույցները, սկաուտները, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի, Հայաստանի Հանրապետության ոստիկանական կրթահամալիրի, Երևանի մի շարք բուհերի ուսանողները, կուրսանտները, տարբեր կուսակցությունների երիտթևերը, Երևանի վարչական շրջանների ներկայացուցիչները:
Սիրահարների պուրակում տեղի ունեցավ Գարիկի և Սոնայի բացօթյա մենահամերգը։
«Քանի որ այսօր սիրո բարեխոս Ս.Սարգսի տոնն է, իսկ մենք գիտենք, որ հայերս, առհասարակ, դարավոր ազգ ենք և գոյություն ունենք մեր սիրո հիմքի վրա կառուցված ընտանիքների շնորհիվ: Ուզում եմ, որ այդ սերը էլ ավելի շատանա, իսկ ովքեր դեռ չեն զգացել, անպայման զգան, և դա նույնպես վերածվի ընտանիք ստեղծելուն»- իր խոսքում նշեց Գարիկ Պապոյանը, իսկ Սոնան հավելեց.«Սերն ամենավեհ զգացումն է: Թող իսկապես բոլորը գտնեն իրենց երկրորդ կեսին: Շնորհավորում ենք բոլորին Ս. Սարգսի տոնի առթիվ»:
Բոլոր երիտասարդները մեծ խանդավառությամբ էին տոնում Սուրբ Սարգսի տոնը. «Այսօր ընկերներիս հետ որոշեցինք Ս. Սարգսի տոնը նշել Սիրահարների այգում, քանի որ Սոնայի և Գարիկի մոտ լավագույնն է ստացվում մեզ՝ երիատասարդներիս, հաղորդել բարձր տրամադրություն», - իր խոսքում նշեց Մարի Առաքելյանը:
- Ես սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ օր օրի ավելի շատ ու ավելի ուժեղ,- ահա այսպես մի երիտասարդ իր սիրած աղջկան արեց սիրո խոստովանություն և խորհուրդ տվեց բոլոր երիտասարդներին հետևել իր օրինակին.«Սերը չունի բանաձև, բայց այն խոստովանել պետք է ամեն օր, որովհետև սերը կյանք է, իսկ մենք ամեն օր ցանկանում ենք վայելել այն, ուստի չմոռանանք բարձրաձայնել դրանց մասին, տղաներ ջան»:
Լիլիանա Օսիպյան