Բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական 6-րդ մրցույթ- ցուցահանդեսը
Բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական 6-րդ մրցույթ- ցուցահանդեսը
Փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Հայաստանի նկարիչների տանը բացվեց «Ս. Սարգիս» ցուցահանդես- մրցույթը:
Մրցույթի կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Սահմանվել է չորս անվանակարգ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Լավագույն աշխատանքներն Արարատյան Հայրապետական թեմի կողմից կարժանանան դրամական պարգևների:
Բացման խոսքում Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը նշեց, որ նկարիչների շրջանում այս մրցույթը սպասված ու սիրված է: Ս. Սարգսի կերպարն ու սիրո տոնի խորհուրդը մեծ ներշնչանք են փոխանցում ստեղծագործ երիտասարդներին, ովքեր իրենց աշխատանքներում փորձում են ներկայացնել սիրո տարբեր դրսևորումներ: Ղ. Միրզոյանն ուրախությամբ ասաց, որ մրցույթը ոչ միայն ստեղծագործական աշխատանքներով ներկայանալու հնարավորություն է երիտասարդների համար, այլ նաև ընտանիքներ կազմելու առիթ է դառնում: Նա պատմեց, որ նախորդ մրցույթներից մեկի ժամանակ երկու մասնակից ծանոթացել, սիրահարվել, ընտանիք են կազմել և արդեն զավակ ունեն:
Հայաստանի նկարիչների միության նորընտիր նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին և Աշխարհի հայ նկարիչների միությանը՝ համագործակցության և ստեղծագործողներին իրենց աշխատանքները ներկայացնելու գեղեցիկ հնարավորություն ընձեռելու համար: Առիթն օգտագործելով՝ նա նաև ջերմորեն շնորհավորեց Ս. Սարգսի տոնի առթիվ:
Մրցույթին ներկայացված էին շուրջ 40 նկարչի 100-ից ավելի աշխատանքներ: