Ժողովրդական տոնը ժողովրդի առօրյայի մասը դարձնելն այդքան էլ դժվար չէ, եթե կան մեկ նպատակի շուրջ համախմբված նվիրյալներ: Հայկական տոները նշելու ավանդույթները վերականգնելու և դրանց ժողովրդական շունչ հաղորդելու նպատակի շուրջ համախմբվել են Արարատյան Հայրապետական թեմը և Երևանի քաղաքապետարանը:
Մինչ Բուն բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի մարտի 3-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տոնական միջոցառումներ՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Փետրվարի 18-ին ավանդական ուտելիքներով, դիմակներով, երգ ու պարով և թատերական ներկայացումներով նշեցին Բուն Բարեկենդանը Էրեբունի վարչական շրջանում: Միջոցառման սկզբում Էրեբունի վարչական շրջանի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը ներկաներին ողջունեց և փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը. «Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն է, որ հայ ազգի կողմից այն ընկալվում է որպես ամենաազգային, ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ»: Միջոցառման ընթացքում ներկայացվեց երեխաների կողմից բեմադրված Հ.Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը: Այնուհետև իրենց երգ ու պարով հանդես եկան մի շարք պարային և երաժշտական խմբեր՝«Էրիկ» դհոլի և «Մուշ» ստուդիաները, ինչպես նաև «Հայաստան» պարային անսամբլը: Սրահում ներկայացված էր նաև Բուն Բարեկենդանին նվիրված ձեռքի աշխատանքների ցուցահանդես: