Յուրաքանչյուր տոն մեծ տարածում և հնչեղություն է ձեռք բերում նաև այն դեպքում, երբ նրա շուրջ հավաքվում է մեծ թիմ: Փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմը նշեց Սուրբ Սարգսի տոնը, և ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տոնին միացան մի շարք կազմակերպություններ:
Ս. Սարգսի տոնի կազմակերպման հարցում զգալի էր Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, քանի որ Երևանի վարչական շրջաններում տոնի հետ կապված կազմակերպվեցին բազմաթիվ ծրագրեր ու համերգներ:
Արդեն 3-րդ անգամ Արարատյան Հայրապետական թեմը և «Բուկինիստ» գրախանութների ցանցը համատեղ իրականացրեցին «Իմ գաղտնի գրքաՍեր կամ սիրո խոստովանություն գրքով» ծրագիրը:
Տոնին միացել էին նաև Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ու Համազգային թատրոնը, ովքեր տրամադրել էին ներկայացումների տոմսեր: Գուրմե-Դուրմեն տոնին միացել էր իր համեղ շոկոլադներով, իսկ «Մոսկվա» կինոթատրոնը ու Կինոպարկը՝ ֆիլմերի տոմսերով:
Լոֆթում այցելուները դարձան ազգային տոնի ու երիտասարդական նախաձեռնությունների մասնակից: Այստեղ աղի բլիթների ու փոխինձի հյուրասիրություն տեղի ունեցավ:
Երևանի առևտրային 2 մեծ կենտրոններ՝ Երևան մոլը և Ռիո մոլը, Ս.Սարգսի տոնի կապակցությամբ նախաձեռնել էին մի շարք ակցիաներ մեր համաքաղաքացիների համար:
Անմասն չմնացին բջջային 2 օպերատորներ՝ Վիվասել ՄՏՍ-ը և UCOM-ը: Ամեն տարի սեփական նախաձեռնությամբ Վիվասել ՄՏՍ-ը տարբեր ակցիաներ է հայտարարում իր հաճախորդների համար, իսկ UCOM-ը՝ կարճ հաղորդագրությունների միջոցով շնորհավորում իր բաժանորդներին:
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին և լիահույս ենք, որ համագործակցությունը կլինի շարունակական, և այս գեղեցիկ տոնը տարեցտարի իր շուրջը կհամախմբի նոր գործընկերների:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին