Մեզանից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով: Փետրվարի 19-ը՝ Թումանյանի 150-ամյա հոբելյանը, մեծ շուքով նշվեց Նորք Մարաշի թիվ 61 հիմնական դպրոցում: Դպրոց էին այցելել Գրողների միության անդամներ Հերմինե Նավասարդյանը, Ամալյա Ալեքսանյանը, արձակագիր Գյուլնարա Իվանյանը, Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավորներ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը, Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը և եկեղեցու երիտասարդաց միության անդամները:
Թումանյանական շունչը զգացվում էր ամբողջ դպրոցով մեկ: Դպրոցում հնչում էին թումանյանական քառյակները, որոնք ավելի էին ամբողջացրել հոբելյարին նվիրված միջոցառումը.«Նախքան դահլիճ հասնելը՝ հաճելի էր ունկնդրել բոլորիս քաջ հայտնի թումանյանական քառյակները. այդ մթնոլորտն ավելի տրամադրող էր»,-իր խոսքում նշեց Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը և հավելեց. «Երեխաները Թումանյանի կյանքի գեղեցիկ դրվագներ էին բեմականացրել: Նրա ստեղծագործություններից շատերը նոր շունչ էին ստացել և թատերական ներկայացման տեսքով հանձնվել հանդիսատեսի դատին: Դպրոցի երեխաներից մեկը կերպարանավորել էր հենց Թումանյանին ու, ի դեպ, նրա բեմական խաղը պարզապես հիացրեց բոլորիս. զգում էինք Թումանյանի ներկայությունը: Միջոցառումը մեկ ժամ տևողությամբ էր և, անկեղծ ասած, չեմ էլ զգացել, թե ինչպես է այն անցել»:
Մարտին Բաբախյանը, ով մարմնավորել էր Թումանյանի կերպարը, մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ չնայած ունի դերասանական կրթություն և կերպարանավորել է տարբեր դերեր՝ այս մեկն ամենապատասխանատուն և ամենաազդեցիկն էր. «Կստեմ, եթե ասեմ, որ կերպարը բարդ էր, ոչ, պարզապես, ի տարբերություն մերօրյա ժամանակակից գրողների մարմնավորելուն, Թումանյանի կերպարն ինձ պարտավորեցնում էր շատ. գրող, ում անունով երդվում են, սիրում ու մեծարում են, ով, թերևս, ամենահայտնին է: Հույս ունեմ, որ կարողացել եմ գոնե չնչին չափով փոխանցել այն ամենն, ինչ իսկապես զգում էի, ինչը տիպական էր Թումանյանին՝ իմ պատկերացմամբ»:
Հաճելի ավանդույթ է դարձել այս դպրոցում բոլոր երեխաներին ներգրավվել նմանօրինակ միջոցառման կազմակերպման աշխատանքներում, ինչում իր անգնահատելի դերն ունի դպրոցի տնօրեն Լուսինե Գրիգորյանը, ում նախաձեռնությամբ էլ շատ գեղեցիկ տոնի վերածվեց Թումանյանի 150-ամյա հոբելյանը. «Շնորհակալություն եմ հայտնում մեր աշակերտներին, որ կարողացան հավուր պատշաճի ներակայացնել այն ամենն, ինչ իրենցից պահանջվում էր: Սպասելիքներս արդարացված են. հաճելի է, երբ ներկաներից լսում ես գովասանքի խոսքեր, որոնք ինձ և մեր ուսուցչական անձնակազմին ավելի են պարտավորեցնում: Նշեմ նաև, որ այս ամբողջ շաբաթը մենք հայտարարել ենք թումանյանական շաբաթ, որը այս կամ այն փոքրիկ միջոցառումով մեզ բոլորիս առիթ կտա նորից հիշելու և մեծարելու մեր նշանավոր գրողին»:
Միջոցառման ավարտին իրենց շնորհավորանքներով, բարեմաղթանքներով, շնորհակալական խոսքերով հանդես եկան դպրոցի տնօրենը, հյուրերն ու Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավորներ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը և Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը: Տեր Թովման առանձնապես նշեց Թումանյանի բանաստեղծություններում, մասնավորապես քառյակներում հոգևորի դերը, խոսեց բանաստեղծի մեծ հավատի մասին` հավելելով, որ ոչ մի մեծ բանաստեղծ, գրող, նկարիչ, երաժիշտ, գիտնական աթեիստ և անհավատ չի եղել. դա բնական օրինաչափություն է, իսկ Տեր Զաքարիան խոսեց Թումանյանի ստեղծագործությունների` իր մեջ տարիների ընթացքում միս ու արյուն դառնալու, իր էության մեջ կարևոր մաս կազմելու մասին:
Ավանդույթի համաձայն՝ Գրողների միության անդամները, ինչպես նաև դպրոցի աշակերտները գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին՝ խոստանալով այն ամեն տարի հարստացնել և պահպանել:
Լիլիանա Օսիպյան