«Արժանի ապրենք Անդրանիկի գործի առջև մեկ սկզբունքով՝ պատասխանատվություն և ուրիշ ոչինչ»

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Արժանի ապրենք Անդրանիկի գործի առջև մեկ սկզբունքով՝ պատասխանատվություն և ուրիշ ոչինչ»

«Արժանի ապրենք Անդրանիկի գործի առջև մեկ սկզբունքով՝ պատասխանատվություն և ուրիշ ոչինչ»

Այսօր՝ փետրվարի 25-ին, լրացավ Անդրանիկ Զորավարի 154-ամյակը: Եռաբլուրում մարդկանց հոսքը չէր դադարում. գալիս էին Զորավարի հիշատակին՝ հարգանքի տուրք մատուցելու:

 

 

Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը կատարեց հոգեհանգստյան կարգ:

 

 

-Ինչպես Անդրանիկ Զորավարն է ասել՝ ամեն մի հայ մարդ, երբ իր գլուխը դնում է բարձին, մեկ վայրկյան թող մտածի, թե այսօր իր ազգի համար ի՞նչ արեց: Ու, եթե ցանկացած հայ այդ մտածումն ունենա, ապա կունենանք փայլուն ապագա,- իր խոսքում նշեց Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը:

 

 

Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը ևս հանդես եկավ խոսքով. «Անդրանիկի հանդեպ ժողովրդական սերն անբնութագրելի է, անծայրածիր: Ես միայն մեկ խնդրանք ունեմ. շատ անշնորհակալ բան կստացվի՝ գանք Անդրանիկին այցի ու սկսենք ասել, թե նա ով է եղել: Անդրանիկին պարզապես տեսնել է պետք ամեն վայրկյան մեր մեջ, Անդրանիկի կյանքն ու գործունեությունը գերմարդկային առաքելություն էր: Արժանի ապրենք Անդրանիկի գործի առջև մեկ սկզբունքով՝ պատասխանատվություն և ուրիշ ոչինչ: Անդրանիկի անցած ամբողջ կյանքը գերմարդկային պատասխանատվություն էր, ուստի լցվենք դրանով: Սա է օրվա խորհուրդն իմ պատկերացմամբ»:

 

 

Գրող, հրապարակախոս, լրագրող Վրեժ Սարուխանյանն էլ իր հերթին ավելացրեց. «Անդրանիկին ճանաչելու համար պետք չէ նրա մասին դիֆերամբներ ասել, մենք պիտի մեզ ճանաչենք, որ պատիվ ունենանք Զորավարին ճանաչելու: Սովորաբար հանճարները երբ ծնվում են, տվյալ տարածքը դարձնում են հայրենիք, Անդրանիկը մեկն էր այն հզորներից, ով հայոց հողը դարձրեց հայրենիք: Անդրանիկը մաքրեց հայոց սուրը ժանգից, մեր հոգիները՝ ամոթից: Մենք ստացանք աշխարհին արժանապատվորեն նայելու իրավունքը»:

 

 

Շնորհավոր ծնունդդ, մեր Անդրանիկ…

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-02-25
×