Հովհան Մանդակունի Հայրապետն ասում է «Ստամոքսին ծառայողներն անհնարին է, որ լինեն Աստծո ծառաներ: Պահեցողությամբ սրբվողներն ու մաքրվողները ոչ միայն անօրինության պղծությունն են սրբում, այլ նաև Սուրբ Աստծուն իրենց մեջ են բնակեցնում: Պահեցողները պետք է զգուշությամբ շարժվեն, որովհետև սատանան կարող է կորստի մատնել թե պահեցողությունը և թե պահեցողին` նրան անպարկեշտ բամբասանքների մղելով, ինքն իրեն ուրիշներից գերադաս հռչակել տալով: Պահքը միայն կերակուր ուտել-չուտելը չէ, այլ` մեղքերի խափանումն է: Պահք է սակավախոսությունը և անտեղի չխոսելը: Պահք է աղքատությունը և անընչասիրությունը, ավելորդ ստացվածքի համար հոգ չանելը, այլ`օրապահիկ ճարելն ու միայն Աստծուց այն խնդրելը: Պահք է պարկեշտությամբ տեղում նստելը և պատահական կերպով չշրջելը հաճույքի և չարաշահության համար: Պահք է միայն մեր բնությանը պետք եղած չափով քնելը: Քնի ցանկությունը պետք չէ ունենանք, պետք է գոհանանք ինքնաբավ քնով և ապա մղվենք գործի և աղոթքի»: