Նամակները՝ զինվորներին, անհրաժեշտ իրերն՝ այգեպարցիներին. Սեպտեբերի 8-ին՝ Աստվածամոր ծննդյան տոնին, Արարատյան Հայրապետական թեմի մի խումբ երիտասարդներ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ մեկնեցին սահմանամերձ Այգեպար գյուղ:
Այցի նպատակը «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում իրականացրած «Նամակ զինվորին» և «Օգնություն այգեպարցիներին» նախաձեռնությունների շրջանակում հավաքված նամակներն ու առաջին անհրաժեշտության իրերը հասցեատերերին հասցնելն էր: Շուրջ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 17-ին Ս.Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ Տ.Նավասարդ Սրբազանի օրհնությամբ երիտասարդները Երևանի մի քանի բանուկ հատվածներում նամակներ էին հավաքել մայրերից, քույրերից և այն մարդկանցից, ովքեր ցանկութուն ունեին իրենց քաջալերող նամակներով ոգևորել հայոց բանակի զինվորներին:
Սահմանապահների համար Երևանի թիվ 161 մանկապարտեզի սաները նկարներին էին պատրաստել: Թեմի երիտասարդները նույն օրը սկսել էին նաև այգեպարցիների համար առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, կենցաղային ապրանքներ հավաքել: Տավուշի մարզի Բերդ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը, Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, մարզպետարանի աշխատակից Դավիթ Մխիթարյանը հյուրերին ուղեկցեցին գյուղի դպրոց ու մանկապարտեզ, թշնամու գնդակից այրված տներ: Վերջիններիս բնակիչներին արդեն հատկացվել են բնակարաններ և առաջին անհրաժեշտության պարագաներ: Նրանք պատրաստ են առաջին իսկ հնարավորության դեպքում նորից կառուցել իրենց տները և ոչ մի ցանկություն չունեն լքելու գյուղը: Այգեպարցիների համար հավաքված օգնությունը նախատեսված էր տարբեր տարիքային խմբերի համար, այդ պատճառով ամենը հանձվեց գյուղապետարանին, որպեսզի ըստ կարիքի բաժանվի բնակիչներին: Երիտասարդների այցելության հաջորդ հանգրվանը սահմանապահ զորամասն էր: Այստեղ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը հրամանատարական կազմին ու զինվորներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությունը: Ապա զինվորներին հանձնեցին մոտ երեք հարյուր նամակներ:
Մինչ զորամաս գնալը երիտասարդները նամակներ էին վերցրել նաև այգեպարցի ուսուցչուհիներից ու դաստիարակներից: «Ս. Տիրամոր վերափոխման տոնին սկսեցինք և նրա ծննդյան օրը հանձնեցինք օգնությունը նրանց, ում համար հավաքել էինք: Այն, ինչ հավաքվել էր, շատ անհրաժեշտ կլինի այգեպարցիներին: Իսկ ինչ վերաբերում է նամակներին, պետք է նշեմ, որ զինվորները բավական հուզված էին: Զորամասի հրամանատար Սմբատյանն էլ կարգադրեց, որ մանկապարտեզի սաների նկարները շրջանակների մեջ դրվեն ու կախվեն հենց խրամատներում: Այս ամենը, վստահ եմ, որ պիտի քաջալերի ու ոգևորի մեր զինվորներին: Նրանք սահմանն են պահում, մենք էլ պարտավոր ենք նրանց թիկունքն ամուր պահել: Մեր թեմի երիտասարդները բազմաթիվ ծրագրեր են իրականացնում մեր զինվորների համար. «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով զինվորականների շուրջ 300 ընտանիք դրամական օգնություն ստացավ: Հիմա նամակներ ենք փոխանցում ու քաջալերում նրանց: Բոլորս պիտի միասնական լինենք»,- ասաց ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Այս նախաձեռնությունները ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամները շարունակական են դարձնելու: Նրանք նպատակ ունեն ներգրավել նաև մեր Եկեղեցու այլ թեմերի երիտասարդական կառույցներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին