Հունվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Սարգսի տոնն ամփոփվեց Սիրահարների այգում՝ տոնական համերգով։
Չնայած ցուրտ եղանակին՝ քաղաքում տրամադրությունը ջերմ էր: Ս. Սարգսի տոնը սիրո և երիտասարդների տոնն է, ինչը նշանակում է, որ լավ տրամադրությունն ու անսպառ էներգիան ապահովված է։ Իսկ սիրված երգիչներն իրենց գեղեցիկ կատարումներով տոնը դարձրեցին ավելի լիարժեք ու զգացմունքային։ Երիտասարդներին իրենց երաժշտական կատարումներով շնորհավորեցին սիրված երգիչներ Էրիկը, Սևակ Խանաղյանը, Աննա Խաչատրյանը, Զարուհի Բաբայանը, Մհերը, Արսեն Գրիգորյանը (Մրոն):
Տոնական համերգը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը շնորհավորեց ներկաներին և փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունը։
Սիրված հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը ջանք ու եռանդ չխնայեց տոնն ավելի հետաքրքիր ու հագեցած դարձնելու համար: Մարդկանց սպասելիքներն ավելի քան արդարացված էին: Սիրելի դարձած երգիչների հետ անմիջական շփմանը շատերն էին սպասում, ինչին սիրով համաձայնվեցին երգիչները: Համերգի ամենափոքրիկ մասնակցից մինչև ազգասեր Սասուն պապը պարում էին և ձայնակցում երգիչներին: Մարդկանց հոսքը գնալով ավելանում էր, և ձմեռային ցուրտը սկսում էր նահանջել:
Բարձր տրամադրություն, լավ երգիչներ, սիրված կատարումներ. ահա այն ամենն, ինչ իսկապես լիարժեք դարձրեց երիտասարդների սպասված տոնը:
Էմիլիա Օհանյան