Ս. Սարգսի տոնակատարություններն Արարատյան Հայրապետական թեմում
Ս. Սարգսի տոնակատարություններն Արարատյան Հայրապետական թեմում
Ս. Սարգիսն իր որդի Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվելով հանուն քրիստոնեական հավատքի՝ հետագայում դարձավ Հայ Առաքելական եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Արարատյան Հայրապետական թեմում Ս. Սարգսի տոնը նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում դարձել է նվիրական ավանդույթ: Դեռ տարիներ առաջ Ս. Սարգսի տոնն իսկապես տոն դարձնելու համար անհրաժեշտ էր իրականացնել համընդհանուր նախաձեռնություններ, լայնածավալ տոնակատարություններ:
2006թ. առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց Ս. Սարգսի տոնի շրջանակներում կազմակերպվող տոնակատարությունների և միջոցառումների:
Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառումները իրականացվում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ։
Անցնող տասներկու տարիների ընթացքում զորամասերում, հիվանդանոցներում, կրթօջախներում, բացօթյա մարդաշատ վայրերում և համերգասրահներում կազմակերպվել են տոնն ազդարարող ուրախ տոնակատարություններ, համերգներ, խաչերթեր, սիրո պատմությունների մրցույթներ, մանկական ու երիտասարդական ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսներ, հայոց բանակին ուղղված բարեգործական ծրագրեր՝ մեծ ժողովրդականություն բերելով տոնին:
Ս. Սարգսի տոնին մատուցվում է Ս. Պատարագ թեմի երեք՝ Ս. Սարգսի անունը կրող՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի եկեղեցիներում: Ս. Պատարագի ավարտին կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Արդեն ավանդույթ է, որ տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի է բերվում սրբի մասունքակիր աջը, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ այս եկեղեցում ընդօրինակված 17-րդ դարի ձեռագիր Ավետարանը։
Քանի որ Ս. Սարգիսը քաջ ու հմուտ զորավար էր, նրան նվիրված տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմում իրականացվում են զինվորներին ուղղված բազմաթիվ ծրագրեր:
2016թ. սկիզբ դրվեց մի գեղեցիկ ավանդույթի. տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Ս. Սարգսի զարդապատկերով պարգևատրում է սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորներին: Նախորդ տարիներին ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրված զինվորներն արժանացել են նաև 10-օրյա արձակուրդի:
Երևանցիների համար Ս. Սարգսի տոնը նշանավորվում է նաև ամենամյա քայլերթով: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից հոգևորականների առաջնորդությամբ երիտասարդները, Ս. Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորը, դրոշակակիրները և թմբկահարները խաչերթով քայլում են դեպի Սիրահարների այգի, որտեղ տեղի է ունենում բացօթյա համերգային ծրագիր։
2014-2017թթ. Ս. Սարգսի տոնի առթիվ իրականացվել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, որի շրջանակում յուրաքանչյուր տարի հանգանակված 50 մլն. դրամը բաշխվել է զոհված ու հաշմանդամություն ունեցող զինծառայողների 800-ից ավելի ընտանիքների:
Տոնի կազմակերպման հարցում զգալի է նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությունը: Երևանի վարչական շրջաններում կազմակերպվում են բազմաթիվ ծրագրեր ու համերգներ՝ կարևորելով ազգային տոնի զարթոնքն ու ամրապնդումը:
Ամեն տարի փաստում ենք, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում ու սկսում նշել տոնը, շնորհավորել ու նվերներ պատրաստել իրենց սիրելիների համար:
Տարեցտարի ավելանում է անհատական նախաձեռնությունների թիվը: Բազմաթիվ կազմակերպություններ իրենց նախաձեռնությամբ միանում ու նշում են տոնը:
2017թ. սկիզբ առած մի նախաձեռնություն ևս գրավեց շատ գրքասերների ուշադրությունը: Արարատյան Հայրապետական թեմի և «Բուկինիստ» գրախանութների ցանցի համագործակցությամբ իրականացվում է «Իմ գաղտնի գրքասեր կամ սիրո խոստովանություն գրքով» ծրագիրը: Բազմաթիվ մարդիկ սիրելիներին իրենց սերն ու ուշադրությունն են փոխանցում գրքով. այն ձեռք բերելով գրախանությում՝ հատուկ էջանշանի վրա թողնում են իրենց սիրելիի կոնտակտային տվյալները: Վերջինս հրավիրվում է ստանալ իր նվերը՝ առանց նվիրողի անձը բացահայտելու: