Ս. Ղևոնդյանց քահանաների տոն

Ս. Ղևոնդյանց քահանաների տոն

Փետրվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը, որի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս.Պատարագ: 

 

Տոնի առիթով Մայր Աթոռում էին համախմբվել թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 236 քահանաներ:

 

Պատարագիչն էր ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդության սպասավոր, գնդերեց Արժանապատիվ Տ. Սիմեոն քահանա Մովսիսյանը: 

 

Ս. Պատարագի ընթացքում Տ. Սիմեոն քահանան խոսեց Ս. Ղևոնդյանց տոնի խորհրդի ու նշանակության մասին` ի մասնավորի նշելով. «Հարյուրամյակներ առաջ մեր սուրբ նախնիների գործած սխրանքը, ինչպես պատմության ողջ ընթացքում, նույնպես և այսօր նորոգում է մեր ուխտը Տիրոջ Սուրբ Մարմնի՝ Սուրբ Եկեղեցու ծառայության ճանապարհին: Ս. Ղևոնդյանց քաջությունն այսօր նաև հրավեր է` զորացնել մեզ ժառանգած փոքր ածուն, մեր հայրենիքը և ամրացնել Աստծո հանդեպ մեր ժողովրդի նվիրական հավատքը՝ Ղևոնդյանց ու Վարդանանց օրինակով»:

 

Իր խոսքի վերջում Սիմեոն քահանան Հայոց Եկեղեցու քահանայից դասի անունից տոնի առիթով շնորհավորեց Հայոց Հովվապետին` հայցելով Ս. Ղևոնդյանց բարեխոսությունը յուրաքանչյուր հայ հոգևորականի ուխտյալ ծառայության համար:

 

Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռի կառույցներում ու Հայոց Եկեղեցու թեմերում սպասավորող քահանաների պարգևաբաշխման արարողություն:

 

Արարատյան Հայրապետական թեմից լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Արժանապատիվ Տեր Պարգև քահանա Պալգևորգյանը, Տեր Զարեհ քահանա Աշուրյանը և Տեր Ղուկաս քահանա Բալայանը։

  • 2018-02-06
×