Եռակողմ համագործակցություն ազգային տոների շուրջ

Եռակողմ համագործակցություն ազգային տոների շուրջ

Փետրվարի 6-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված Բուն Բարեկենդանի տոնին: 

 

Արարատյան Հայրապետական թեմը ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ համախմբվել է մեկ գաղափարի շուրջ՝ վերականգնել ազգային տոները։

 

Ասուլիսը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը լրագրողներին ներկայացրեց տոնի խորհուրդը:

 

Հնում տոնը մեծ ժողովրդականություն է վայելել: Դրան երկար են պատրաստվել: Տոնին նախորդող 1-2 շաբաթների ընթացքում կազմակերպվել են տոնախմբություններ, մրցումներ, եղել են առատ սեղաններ ու հյուրասիրություններ: Խորհրդային շրջանում տոնը հիմնականում նշվել է եկեղեցու համայնքներում: Այժմ եկել է ժամանակը տոնը կրկին «ժողովրդին վերադարձնելու» և ազգային ոգով նշելու համար։ 

 

«Բարեկենդանով մոտենում ենք մեր ազգային ինքնությանը: Եռակողմ այս համագործակցությամբ փորձում ենք հասարակությանը մոտեցնել Հայ Առաքելական եկեղեցուն։ Ցանկանում ենք վերականգնել մեր ազգային, եկեղեցական տոները մեծ շուքով նշելու ավանդույթը», - ասում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը։ 

 

Արդեն հինգ տարվա համագործակցութան արդյունքում Բուն Բարեկենդանի տոնը դարձել է իսկապես սպասված տոն Երևանում։ Արդեն մի քանի տարի է, որ տոնի առիթով միջոցառումներ են կազմակերպվում Երևանի վարչական բոլոր  շրջաններում։ Բուն Բարեկենդանի տոնին նախորդող երկու շաբաթվա ընթացքում Երևանը երգի ու պարի, ազգային տրամադրության պակաս չի ունենում։ 

 

ԱՀԹ Երիտասարդաց միությունների ազգային տոների համակարգող Հասմիկ Միրզոյանն իր խոսքում նշեց, որ այս տարի ևս մեծ շուքով են կազմակերպվել բոլոր միջոցառումները և այժմ պատրաստվում են գլխավոր օրվան՝ փետրվարի 11-ին։ Տոնական միջոցառումը կմեկնարկի ժամը 13:00-ին Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցու բակից, որտեղ տեղի կունենա անակնկալ միջոցառում։

 

Այնուհետև՝ ժամը 13:30-ին, ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամները և բոլոր մասնակիցները քայլերթով կշարժվեն դեպի Ազատության հրապարակ։   Քայլերթի ընթացքում ևս մասնակիցներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ։

 

Բազմահազարանոց շքերթին կմասնակցեն թեմի հոգևորականները, երիտասարդները, պարի և դհոլահարների խմբեր, ազգագրական երգուպարի խմբեր, հեքիաթների հերոսներ, բուհերի ուսանողներ և այլոք, ովքեր օրն իսկապես կվերածեն ազգային տոնի:

 

«Մեր ժողովուրդն այնքան է սիրել այս տոնը, որ այն անվանում է ազգային տոն: Սա և բոլոր այն տոները, որոնք ազգային, ժողովրդական են, պետք է լինեն եկեղեցու և պետության ուշադրության կենտրոնում։ Մենք պարտավոր ենք տարածել յուրաքանչյուր երևույթ, որ կապ ունի մեր ազգային դիմանկարի հետ, մեր ազգային նկարագրի հետ», - նշեց Արսեն Գրիգորյանը (Մրրո)։

 

Պետություն, եկեղեցի, ժողովուրդ. այս կապի ամրության շնորհիվ է, որ հայկական ավանդույթները, ազգային դիմագիծը, մշակույթն ու հավատքը կկարողանան դիմակայել ժամանակի մարտահրավերներին։ Ուրեմն սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցել ազգային տոներին և ունենալ սեփական ներդրումը դրանց վերարժևորման և տարածման հարցում։

 

Հասմիկ Թամամյան

  • 2018-02-07
×