Ժողովրդական տոնը ժողովրդի առօրյայի մասը դարձնելն այդքան էլ դժվար չէ, եթե կան մեկ նպատակի շուրջ համախմբված նվիրյալներ: Հայկական տոները նշելու ավանդույթները վերականգնելու և դրանց ժողովրդական շունչ հաղորդելու նպատակի շուրջ համախմբվել են Արարատյան Հայրապետական թեմը, Մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Մինչ Բուն բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի փետրվարի 11-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ։
Փետրվարի 6-ին ազգային տոնի շուրջ համախմբվել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները, դպրոցների, մանկապարտեզների ու Մշակույթի տան սաները:
Տոնական կերակուրներ, քաղցրավենիք, ազգային երգ ու պար. ժողովուրդը նշում է Բուն բարեկենդանի տոնը:
Տոնական միջոցառման ընթացքում հանդես եկան «Սեբաստիա» մշակույթի տան, Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի, «Մալաթիա» արվեստի դպրոցի սաները, «Վալենս» պարային համույթը:
Տոնի առիթով Կենտրոնական գրադարանը մասնակիցներին գրքեր նվիրեց, իսկ կրթական հաստատությունների մանկավարժները հանդես եկան երաժշտական գեղեցիկ կատարումներով:
Հասմիկ Թամամյան