ՀՀ Նախագահը Նավասարդ Սրբազանին է հանձնել պետական բարձր պարգևը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • ՀՀ Նախագահը Նավասարդ Սրբազանին է հանձնել պետական բարձր պարգևը

ՀՀ Նախագահը Նավասարդ Սրբազանին է հանձնել պետական բարձր պարգևը

Փետրվարի 20-ին ՀՀ Նախագահական նստավայրում Հայ Եկեղեցու Գերագույն Հոգևոր խորհրդի անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հանձնեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը, որի հրամանը տրվել էր 2017թ. դեկտեմբերի 30-ին:

 

Ողջունելով ներկաներին՝ Նավասարդ սրբազանն ասաց.

 

«Վեհափա՛ռ տեր, մեծարգո՛  Նախագահ:


Այս արարողակարգը վկայությունն է Ձեր ազնիվ վերաբերմունքի՝ հանդեպ Առաքելական Մայր եկեղեցին, նրա գահակալը և զինվորագրյալ միաբանությունը: Ուզում եմ Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցականաց դասի, թեմական կառույցների պատվարժան անդամների և մեր անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այս բարձր պարգևին արժանացնելու համար: Մեծարգո նախագահ, Դուք տարիներ շարունակ զորակցում ու աջակցում եք մեր թեմական ծրագրերի իրականացմանը: Մենք շարունակելու ենք նոր ավյունով ու եռանդով մեզ վստահված համայնքներում իրագործել մեր առաքելությունն՝ ի գլուխ ունենալով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ իր օրհնությամբ ու առաջնորդությամբ:

 

Մեծարգո պարոն նախագահ, մեր աղոթքն ու մաղթանքն է, որպեսզի Ձեր հույժ պատասխանատու առաքելության մեջ Աստված լինի Ձեզ ապավեն, գործակից և մարտակից՝ վասն մեր Հայրենիքի ամրության, ապահովության ու անվտանգության և մեր սիրասուն ժողովրդի բարօրության:

 

Աստված օգնական, Վեհափառ տեր:
Շնորհակալություն, պարոն Նախագահ»:

 

Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել նաև Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին՝ 2018թ. փետրվարի 16-ի հրամանագրով նրանց ևս շնորհելով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշաններ։

  • 2018-02-21
×