Փետրվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների նորաստեղծ ծխական խորհրդի անդամներին՝ հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ:
Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա տեր Զենոնը Սրբազան հորը ներկայացրեց ծխականներին, ովքեր լինելով տարբեր մասնագիտությունների տեր աշխարհականներ՝ սիրահոժար կերպով և ամուր հավատքով աջակցում են եկեղեցու ծրագրերին։
Սրբազան հայրը ողջունեց նրանց և իր ուրախությունը հայտնեց, համայնքային կյանքի խնդիրներին աջակից լինելու պատրաստակամության համար։
Ի հիշատակ իրենց առաջին հանդիպման՝ Սրբազան հայրը Նարեկ մատյաններ նվիրեց ներկաներին, իսկ ծխական խորհրդի անդամներ Դավիթ Սամվելյանին և Արթուր Մելքոնյանին արժանացրեց Օրհնության գրերի՝ եկեղեցու պետքերի համար կատարած իրենց նվիրատվությունների համար: