Նամակներ մեր քաջարի զինվորներին

Նամակներ մեր քաջարի զինվորներին

Նամակներ մեր քաջարի զինվորներին «Մենք մեր զինվորի կողքին ենք» «Քաջարի զինվոր, երբ խրամատներում քեզ այցելի դավադիր նինջը, հիշիր, որ փոքրիկ մի աղջիկ իր անվտանգությունը հարյուր տոսկոսով վստահել է քեզ»: Զինվորին ուղղված այս տողերը գրված են Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի 8-ամյա սաներից մեկի նամակում: Մանկատան սաների նամակները զինվորներին փոխանցելու նախաձեռնությունը Արարատյան Հայրապեական թեմի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության անդամներինն է:

 

Նրանք ունեն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Նախաձեռնությանը միացել են «Հայկական լեգեոն» ՀԿ-ի անդամները: Նրանք «Զատիկ» կենտրոնի սաների նամակներն արդեն փոխանցել են ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող զինվորներին: Զինվորներին են նվիրել նաև Քանաքեռ–Զեյթուն համայնքի թիվ 161 մանկապարտեզի սաների նկարները:

 

-Նամակները բավական ազդեցիկ են ու մեծ հուզմունք առաջացրին զինվորների մոտ: Ծրագիրը շարունակական է լինելու. պիտի այցելենք մանկատներ ու երեխաների խնամքի կենտրոններ, հավաքենք նրանց մաղթանքները, քաջալերանքի խոսքերը և փոխանցենք դրանք մեր զինվորներին, - պատմեց «Արարատ» երիտասարդաց միության ատենապետ Մարիա Բաղդասարյանը: Այս նախաձեռնությունը «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շարունակությունն է: 50 մլն դրամ գումարը զինվորների ընտանքիներին տրամադրելուց հետո ԱՀԹ երիտասարդները հիմա էլ այս կերպ են իրենց ուշադրությունն ու հոգատարությունը փոխանցում զինվորներին: Մարիա Բաղդասարյանի խոսքով այս նախաձեռնությունն իրականացնելու համար դիմել են ՀՀ պաշտպանության նախարարությանը, որտեղից էլ իրենց առաջարկել են համագործակցել «Հայկական լեգեոն» ՀԿ-ի հետ: Հետագայում նրանց կմիանան այլ ՀԿ-ներ ևս, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են նաև ՀՀ ՊՆ-ի հետ:

  • 2021-09-06
×