Մեծ Պահքից հաշվում ենք ուղիղ 24 օր, պատրաստում ենք թոփիկ, ոսպով կոտլետ, օձի թթու, չենք մոռանում ամենակարևորի՝ միջինքի գաթայի մասին ու հավաքվում ենք ԱՀԹ Առաջնորդարանի դալիճում՝ նշելու միջինքը։
Մարտի 7-ին Արարատյան Հարապետական թեմի երիտասարդաց միություններն ավանդության համաձայն միջինքը նշեցին միասին՝ երգուպարով, ուտեստներով ու բարձր տրամադրությամբ։
Միջինքի սեղանի շուրջ հավաքվել էին թեմի երիտասարդաց միության անդամները, քաղաքապետարանի աշխատակիցները և հյուրեր։
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը պատվոգրեր հանձնեց Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության, Սպորտի վարչության և վարչական 12 շրջանների մշակույթի, սպորտի և կրթության վարչության պետերին՝ Բուն բարեկենդանին նվիրված համայնքային միջոցառումների կազմակերպման համար։
«Այս համագործակցության շնորհիվ կարողանում ենք վերականգնել մեր ավանդույթնրը, վերադառնալ մեր արմատներին։ Միջինքին պատրաստվելով՝ մեր երիտասարդները ծանոթանում են ավանդույթներին, ուսումնասիրում են ազգային կերակրատեսակները և սովորում են պատրաստել դրանք», - ասում է Տեր Պետրոսը։
Ազգային ժողովրդական սովորության համաձայն՝ տանտիկինները միջինքի օրը պահքի գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին է հասնում մետաղադրամը, նրան ողջ տարվա ընթացքում հաջողություն է սպասվում: Պահքի խմորեղենը կոչվում է նաև բաղարջ, ծիսական հաց, տապլա և այլն, որը եկեղեցական նշանակություն չունի, սակայն դարձել է տոնի անբաժան և գլխավոր մասը։
Այսօրվա միջինքի գաթայի մեջ «թաքնված» էր ոչ թե մետաղադրամ, այլ օրհնված խաչ, որը բաժին ընկավ քաղաքապետարանի Սպորտի վարչությանը։
Միջինքի օրը հայաստանյան նահանգներում և գավառներում տարբեր կերպ է նշվել, որոնց մասին գեղեցիկ ավանդազրույցներ են պահպանվել: Ամեն տարածաշրջան ունեցել է իր ավանդությունը, նշելու իր տարբերակը, իսկ Արարատյան Հայրապետական թեմում այդ բոլոր ավանդույթները միահյուսվել են, որից առաջացել է նոր ավանդույթ՝ միջինը նշել Առաջնորդարանի դալիճում, երգով, պարով, միջինքի գաթայով, բազմազան ավանդական կերակուրներով, բարձր տրամադրությամբ և իհարկե աղոթքով։