Մարտի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու նորընտիր ծխական խորհրդի անդամներին՝ հոգևոր հովիվ Տ. Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությամբ:
Հանդիպման սկզբում Տ. Պարթևը Սրբազան հորը ներկայացրեց ծխականներին՝ նշելով, որ նրանց մի մասը նախկինում էլ եղել է այդ կառույցի անդամ ու հրաշալի պատկերացնում է եկեղեցու ներքին կյանքը և խնդիրները: Ծխական խորհրդի համալրված կազմը խորհրդի ատենապետ է ընտրել Մարտին Մանուկյանին: Վերջինս շնորհակալություն հայտնեց Սրբազան հորը ջերմ ընդունելության համար և ներկայացրեց իրենց առաջիկա ծրագրերը։ Նշելով, որ ապրիլին պատրաստ կլինի իրենց գործունեության մեկամյա ծրագիրը, Մ. Մանուկյանը հայցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունը` այն իրագործելու համար:
Նավասարդ Սրբազանը ողջունեց հյուրերին՝ բարձր գնահատելով նրանց պատրաստակամությունն ու նախանձախնդրությունը: Սրբազան հայրը կարևորեց աշխարհականների ակտիվ ներգրավվածությունը եկեղեցական կյանքում, երբ նրանք իրենց մարդկային ու մասնագիտական հմտություններն են ներդրում եկեղեցու պայծառացման գործում:
Սրբազան հայրը հորդորեց ծրագիրը կազմելիս մեծ ուշադրություն դարձնել առկա խնդիրներին ու մարտահրավերներին, մանրամասն ռազմավարական ծրագիր մշակել՝ հստակեցնելով նպատակները:
Ի հիշատակ իրենց առաջին հանդիպման՝ Սրբազան հայրը ծխականներին Պատարագամատույցներ նվիրեց:
Ավարտին Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին