Ծաղկազարդի առթիվ մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց Դռնբացեքի կարգ
Ծաղկազարդի առթիվ մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց Դռնբացեքի կարգ
Այսօր՝ մարտի 25-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակված է մանուկների օրհնության օր, քանի որ մանուկներն էին, որ Հիսուսին ողջունեցին՝ «Օվսաննա՜, օրհնություն Դավթի որդուն» աղաղակելով:
Ծաղկազարդի առթիվ բոլոր եկեղեցիներում բաց խորանով տոնական Ս. Պատարագ մատուցվեց: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Հընթացս Ս. Պատարագի կատարվեց Մանուկների օրհնության կարգ:
Ծաղկազարդի երեկոյան՝ ժամերգության ընթացքում, կատարվեց Դռնբացեքի արարողություն, որը խորհրդանշում է նախամուտքը, որն ուղեկցում է դեպի Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթը:
Դռնբացեքը կատարվում է եկեղեցու դռների, եկեղեցու գավթի դռան կամ Ս. Խորանի վարագույրի առաջ: Այդ դուռը կամ վարագույրը Երկնքի արքայության դռների խորհուրդն ունեն, որոնցից դուրս ժողովուրդը իր հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն ներս թողնել Արքայություն: Քահանան աղոթքի ու երգեցողության ընթացքում թակում է դուռը կամ գետինը՝ ի նշան ավետարանական այն խոսքի, թե՝ «…ծեծեք և կբացվի, խնդրեք և կտրվի»:
Դռնբացեքի կարգը կատարվում է նաև նորակառույց եկեղեցու բացման արարողության ժամանակ: