Ծաղկազարդը Ս. Աննա եկեղեցում

Ծաղկազարդը Ս. Աննա եկեղեցում

«Հայրիկիս  հետ եկել եմ Հիսուսին դիմավորելու», - ասաց  Ս. Աննա եկեղեցու բակում վազվզող Հակոբն ու մտավ եկեղեցի: Փոքրիկը վաղ առավոտից եկեղեցու բակում է` անհամբերությամբ սպասում է օրհնություն ստանալուն:


Մարտի 25-ին Ս. Աննա եկեղեցում Հիսուսին դիմավորելու էին եկել բազմաթիվ հավատացյալներ. Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդը՝ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ։


Տոնական Ս․ Պատարագից հետո կատարվեց երեխաների օրհնության կարգ, որին հաջորդեց տոնախմբությունը։ Ինչպես հազարավոր տարիներ առաջ, այդպես էլ այսօր, մանուկերը եկել են դիմավորելու Քրիստոսին և տարածելու Նրա` Երուսաղեմ մտնելու ցնծությունը։


- Այսօր Հիսուս ավանակի վրա նստած մտավ Երուսաղեմ, - ասում է փոքրիկ  Անին, ում գլխին ծաղիկներից  հյուսված թագ է, իսկ ձեռքին Նուրի անունով մի տիկնիկ:


Ըստ ավանդության` Նուրի, Խուճկուրուրիկ  կամ  Չիչի-մամա անունով ծիսական տիկնիկը ծաղկազարդի խորհուրդն է կրել: Այն պատրաստված էր խաչաձև հիմքի վրա, գլխին ուներ ծաղկապսակ, իսկ աչքերը արցունքի կաթիլներով էին զարդարված, ինչը խորհրդանշում էր ջուրը, որից բնությունը վերակենդանանում և ծաղկում է:


Մանուկների օրհնությունից հետո եկեղեցու բակում ելույթ ունեցան  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդաց տան գեղարվեստական համույթի սաները: 


Հիշեցնենք, որ Ծաղկազարդը նշվում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ, այս օրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում երեկոյան կատարվում է դռնբացեքի արարողություն, որի ընթացքում բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները` խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և վերջին դատաստանը:



Անահիտ Մարկոսյան  

  • 2018-03-26
×