Երեխաների մի խումբ, փոքրիկ պարկերը շալակներին, երգելով շրջում էին տնետուն և ճռճռացնելով խաղալիքները` հավկիթ էին հավաքում Զատկի համար։ Դա նշանակում էր, որ Ծաղկազարդ էր, և մոտենում էր Հարության տոնը։ Մարտի 25-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում հավկիթ հավաքող երեխաներ չկային, սակայն Քրիստոսին դիմավորելու համար հավաքված մանուկների թվին հաշիվ չկար։ Բոլորը եկել էին դիմավորելու Քրիստոսին։
Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է տոնական Ս․ Պատարագ և մանուկների օրհնության կարգ։
Եկեղեցական բուն արարողությանը հաջորդեց բակում կազմակերպված տոնական համերգը։ Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաների համար երաժշտական համարներով հանդես եկան եկեղեցու պարի խմբակի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Մալաթիայի Հայորդաց տան սաները։
Ըստ ժողովրդական ավանդութան՝ այս տոնը գարնան հաղթանակն է, ձմռան նահանջն ու գարնան հաստատումը, որի խորհրդանշում է պտղաբերություն ։ Փոխվում են ժամանակները, միջավայրն ու ավանդույթները, սակայն ծաղկազարդը գալիս է հիշեցնելու, որ ժամանակն է հաղթել չարին, բարի պտուղներ տալ և պատրաստվել իրական ու մեծ հաղթանակի բերկրանքին։ Ժամանակն է Նրան ընդառաջ գնալ, ընդունելել Նրան մեր կյանք ու ասել՝ բարի գալուստ։
Հասմիկ Թամամյան