Ծաղկազարդը Նոր Նորքի Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցում

Ծաղկազարդը Նոր Նորքի Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցում

Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:


«Այսօր մեր Տերը  բախում է մեր սրտերը՝ ինչպես երկու հազար տարի առաջ Երուսաղեմ Իր մուտքի ժամանակ: Ծաղկազարդին հնչում է Տիրոջ կոչը յուրաքանչյուրիս՝ բացեք ձեր սրտի դռները: Քրիստոս Ինքն է գալիս դեպի մեզ: Իսկ ինչպե՞ս ենք մենք դիմավորում Տիրոջը. արդյո՞ք  որպես հաջողություն պարգևողի՝ առևտուր չենք անում Նրա հետ՝ հետապնդելով տարատեսակ շահեր», - իր խոսքում նշեց պատարագիչ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը։
Ծաղկազարդին հնչում է հարցը, որ պիտի տրվի ողջ ավագ շաբաթվա ընթացքում. Տերը գալիս է դեպի մեզ, իսկ մենք մինչև վերջ կգնա՞նք Նրա հետևից՝ մինչև Գողգոթա: Չէ՞ որ երկու հազար տարի առաջ նույն ժողովուրդը, որը Նրան թագավորական պատիվներով և փառաբանությամբ դիմավորեց Երուսաղեմում, օրեր անց պահանջեց խաչել Տիրոջը:


Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում վաղ առավոտից հավաքված հավատացյալները եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի առաջնորդությամբ մասնակցեցին ուռենու ոստերի օրհնության արարողությանը, որոնք խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին Քրիստոսին ընծայվելուց հետո:


Այսօրվա տոնի ուրախությունը ոգևորիչ է, սակայն այդ ոգևորությունը պետք է գիտակից հետևություն ունենա. ո՞վ է մեր սրտի դուռը բախող Քրիստոս ինձ համար, ինչպե՞ս եմ դիմավորում Նրան և ինչպե՞ս կպահեմ ինձ փորձությունների պահին:


Հավատացյալների հոգևոր ապրումն առանձնակի ուրախությամբ ընդմիջվեց մանուկների օրհնության կարգով: Նրանց «Հայր մեր»-ը  հույսի շող բերեց, որ կբացվեն երկնքի դռները. «Օվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով ... Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում»:


Պատրաստեց Նարե Շարմազանովան

  • 2018-03-26
×