Ծաղկազարդը Արարատյան Հայրապետական թեմում

Ծաղկազարդը Արարատյան Հայրապետական թեմում

Մարտի 25-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը: Այն խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ և նշվում է Մեծ պահքի վերջին կիրակի օրը:

 

Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվեց բաց խորանով Ս. Պատարագ, որի ավարտին կատարվեց  Մանուկների օրհնության կարգ:

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կազմակերպվեցին նաև մի շարք տոնական միջոցառումներ:

 

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական օրը սկսվեց անդաստանի կարգով: Կատարվեց աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին և ներկաներին բաժանվեցին ուռենու ճյուղեր, ապա տոնական Ս. Պատարագ մատուցվեց, իսկ երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն: Ներկաները տոնի խորհրդանիշ ուռենու ոստերով մասնակից դարձան տոնական Սուրբ Պատարագին, որը մատուցեց խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը:

 

Այս տարի ևս, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը, «Տաթև գիտակրթական համալիր»-ի «Մանանա» ուսումնական կենտրոնի աջակցությամբ, Ծաղկազարդի տոնը մանուկների համար վերածել էր ուրախ տոնախմբության: Տիկնանց միության եռանդուն ջանքերով եկեղեցու բակը զարդարվել էր տոնական սեղաններով, որոնք լի էին տոնի խորհրդանիշ ձեռագործ աշխատանքներով, մոմերով և քաղցրավենիքով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և սիրիահայ համայնքի «Հույս միավոր» տիկնանց միությունների կողմից պատրաստված տոնական սեղանների վաճառքի ողջ հասույթը գործածվելու է բարեգործական նպատակներով:

 

Տիկնանց միության անդամները ներկաներին բաժանեցին Ծաղկազարդի տոնի պատմության և խորհրդի վերաբերյալ թերթոններ: Տոնն առավել մեծ ուրախությունն էր պարգևել մանուկներին. Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների և բազմաթիվ մանուկների համար բակային միջոցառումը սկսվեց ավանդական դարձած կավճանկարով:

 

Տոնը մեծ շուքով և խանդավառությամբ նշվեց նաև Արաբկիրում: Արաբկիր վարչական շրջանի նորակառույց եկեղեցում մատուցվեց Պատարագ, որից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը ողջունեց և օրհնանքի խոսքեր փոխանցեց փոքրիկներին: Գեղեցիկ պարային կատարումներով հանդես եկան «Հեքիաթ»,«Տիկնիկներ» և Արաբկիրի Հայորդաց տան պարային համույթները: Լիլիթ Համբարձումյանի վոկալ ստուդիայի սաներն իրենց երգուպարով մեծ ուրախություն պարգևեցին ներկաներին: Իսկ Արաբկիրի Հայորդաց տան շնորհալի փոքրիկները ցուցադրեցին իրենց նկարչական հմտությունները: 

 

Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում նույնպես տոնական տրամադրություն էր տիրում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Պալգևորգյանի նախաձեռնությամբ մի խումբ երեխաներ թատերական ներկայացման տեսքով ներկաներին պատմեցին Ծաղկազարդի և Քրիստոսոի Երուսաղեմ մուտք գործելու մասին:

 

Տոնի առիթով բարերար Հերմինե Սարգսյանի աջակցությամբ Բյուրավանի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ս. Պատարագից հետո հագուստ, խաղալիք , կոշիկ, գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակեր բաժանվեցին Բյուրավանի, Ջրաշենի, Բարձրաշենի,Հովտաշենի և Նշավանի շուրջ 300 մանուկների: 

 

Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում տոնական Ս. Պատարագի ավարտին կատարվեց մանուկների օրհության կարգ, այնուհետև օրհնություն ստացած փոքրիկներին բաժանվեցին նվերներ, իսկ տոնախմբությանը ներկա հավատացյալներին` ուռենու ճյուղեր:

 

Տոնական Ս. Պատարագ մատուցվեց և օրհնության կարգ կատարվեց թեմի բոլոր եկեղեցիներում, որից հետո կազմակերպվեցին կավճանկարչության, նկարչության մրցույթներ և համերգային ծրագրեր:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2018-03-26
×