Մարտի 31-ին` Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդներն իրականացրեցին «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ:
Երթը մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց: Շարականների ու հոգևոր երգերի ուղեկցությամբ մասնակիցները թեմի երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ: Քարե գորգի վրա երիտասարդները վառվող կանթեղներով խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:
Այս տարի «Հարության Ավետիս» քայլերթին մասնակցեցին թեմի ու տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներ, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ, ԱԻՆ աշխատակիցներ և այլոք: