Գումարներ ստացան Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ համայնքների շահառուներ

Գումարներ ստացան Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ համայնքների շահառուներ

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով գումարներ ստացան Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ համայնքների շահառուները Հուլիսի 14-ին «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ համայքների 68 ընտանիքներ հրավիրվել էին ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցի:

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ փոքրիկ համերգ, որ պատրաստել էր Ս. Երրորդություն եկեղեցու համայնքը: Ելույթ ունեցան եկեղեցու երգչախումբը և խուլերի միությունը: Սրբազան հորն ուղեկցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը, Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը, Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրան քահանա Առուշանյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ծիսակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը, Հովհաննես սարկավագ Ներսեսյանը: Համերգի ավարտին Սրբազան հայրը զինվորների ընտանիքներին փոխանեցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:

 

Սրբազան հայրը մխիթարական խոսքեր ասաց զոհված զինվորների ծնողներին, ուժ ու համբերություն մաղթեց այժմ ծառայության մեջ գտնվող զինվորներին ու նրանց հարազատներին: 21 զոհված զինվորների ընտանիք ստացան ծրագրով նախատեսված 350 000-ական, իսկ երկու զինծառայող ունեցող 47 ընտանիք՝ 100 000-ական դրամ օգնություն: Ծրագիրը կամփոփվի հուլիսի 15-ին՝ ԱՀԹ առաջնորդարանում՝ Երևանի Կենտրոն համայնքի 24 ընտանիքներին գումարը բաշխելով: Այդ օրը տեղի կունենան նաև ծրագրի հաշվետվություն:

 

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

  • 2021-09-07
×