Նշվեց Նուբարաշենի Ս. նահատակաց եկեղեցու ուխտի օրը

Նշվեց Նուբարաշենի Ս. նահատակաց եկեղեցու ուխտի օրը

Տնից  աշխատավայր հասնելիս անցնում եմ երեք եկեղեցու կողքով։ Եվ ամեն առավոտ աչքիս առաջ նույն տեսարանն է․ մարդկանցից շատերը սպասում են, թե երբ է երթուղայինն անցնելու եկեղեցու մոտով, որպեսզի հասցնեն խաչակնքվել: Հենց որ տեսնում են եկեղեցին՝ ժպտում են, խաչակնքվում ու խոր հոգոց հանելով՝ կրկին խորասուզվում մտքերի մեջ։

 

Այս տեսարանը կարելի է տեսնել ոչ միայն երթուղայինում։ Հայ քրիստոնյան ամեն տեղ եկեղեցի է փնտրում՝ իր քաղաքում, արտերկրում, դպրոցի կամ աշխատանքի ճանապարհին։ Ուր էլ գնա՝ առաջին հարցն է` այստեղ եկեղեցի կա՞։

 

Այս հարցը տանջում էր նաև Նուբարաշեն համայնքի բնակիչներին, սակայն երեք տարի առաջ ապրիլի 25-ին նրանք ստացան իրենց աղոթքների պատասխանը, և այժմ այս համայնքը ևս ունի իր աղոթատեղին։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ  Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ապրիլի 25-ին հաջորդող շաբաթ օրը հաստատվել է Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցու ուխտի օր։ Այս տարի այն նշվեց ապրիլի 28-ին։

 

Օրվա առթիվ մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ։ Պատարագիչն էր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը։  Հավարտ Ս․  Պատարագի եկեղեցու բակում տեղի ունեցավ մատաղի հյուրասիրություն և տոնական միջոցառում, որին մասնակցեցին Նուբարաշենի Մարզամշակույթային տան սաները: 

 

Եկեղեցին երկրի վրա իրականացնում է հոգևոր առաքելություն` առաջնորդելով հոգու փրկության, հավիտենական կյանքի։ Սակայն միայն եկեղեցի կառուցելով փրկագործություն տեղի չի ունենում, հարկավոր է, որ յուրաքանչյուր հավատացյալ ինքն իր մեջ կրի եկեղեցին, իր անձը լինի կենդանի տաճար և իր հաստատուն հավատքով կենդանացնի հայոց տաճարները։ Ինչպես Ս. Պողոս առաքյալն է ասում. «Դուք նույնպես Աստծո կենդանի տաճար եք, և Աստծո հոգին ձեր մեջ է բնակված»:

 

Հասմիկ Թամամյան

  • 2018-04-29
×