Ներքին Դվինում նշվեց Ս. Հարություն եկեղեցու ուխտի օրը

Ներքին Դվինում նշվեց Ս. Հարություն եկեղեցու ուխտի օրը

Մայիսի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի Ներքին Դվին համայնքը նշեց գյուղի Ս. Հարություն եկեղեցու ուխտի օրը: 18 տարի առաջ այս օրը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ եկեղեցին օծվեց և իր դռները բացեց համայնքի հավատացյալների առաջ: Օդեսաբնակ դվինցի Սամվել Տիգրանյանի բարերարությամբ կառուցված եկեղեցու հիմնօրհնեքը կատարվեց 1996 թվականին, երբ Հայոց Հայրապետն էր երջանկահիշատակ Գարեգին Առաջինը: Նկատելով, որ հայոց հավատքը վերստին հարություն է առնում, Վեհափառն առաջարկեց հավատքի տունը կոչել Ս. Հարություն: Եկեղեցին կոչված է համախմբել Ներքին Դվինի և հարակից համայնքների հավատացյալներին և նպաստել բնակիչների հոգևոր կյանքի զորացմանը:
 

Տոնի առիթով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:
 

«Եկեղեցին մենք` ամենքս` հոգևոր սպասավորներս և հավատավոր ժողովուրդը, որ համախմբված ենք այս սրբավայրի հարկի ներքո», - քարոզի ժամանակ ասաց Տեր հայրը` կարևորելով յուրաքանչյուրի դերը և մասնակցությունը համայնքի հոգևոր կյանքի զարգացմանը և զորացմանը:
 

Հավարտ Պատարագի իրականացվեց տոնական միջոցառում: Երգուպարով հանդես եկան Երիտասարդաց միության և Կիրակնօրյա դպրոցի սաները:
 

Հասմիկ ՓԻԼՈՅԱՆ

  • 2018-05-04
×