Համբարձման տոնն Արաբկիր համայնքում

Համբարձման տոնն Արաբկիր համայնքում

Յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար։ Ծաղիկները հավաքված են, գորգը փռված․ Ջանգյուլում է։

Ջանգյուլումը կամ Վիճակը Քրիստոսի Համբարձման տոնի ժողովրդական անվանումն է։

Մայիսի 10-ին՝ Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցում, Քրիստոսի Համբարձման տոնին մատուցվեց Սուրբ Պատարագ, որին հաջորդեց ազգային տոնախմբությունը։

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս և Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաև Գործք Առաքելոցում. «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:


«Մեծագույն մխիթարությունը, որ Քրիստոս տվեց ամբողջ մարդկությանը, այն քաջալերումն էր, որ Նա մեզ հետ է մինչև աշխարհի վերջը: Այս տոնը, մանավանդ հայ երիտասարդի համար, շատ լավ առիթ է մշակույթի, ազգային կերպարի մեջ դաստիարակվելու համար»,-ասում է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը։

Ս․ Պատարագից հետո բոլորը հավաքվեցին եկեղեցու բակում ազգային երգ-պարով ու վիճակահանությամբ տոնը նշելու համար։

Տոնական համարներով հանդես եկան Արաբկիրի հայորդաց տան սաները, «Մասունք» և «էլիտ» պարի խմբերի անդամները։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ոչ միայն հետևել պարային կատարումներին, այլև տեղում սովորել և պարել ազգագրական պարեր։


Հասմիկ Թամամյան

  • 2018-05-11
×