Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ուղերձը ապրիլի 7-ի առթիվ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ուղերձը ապրիլի 7-ի առթիվ

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ուղերձը ապրիլի 7-ի առթիվ

«ՏԻՐՈՒՀԻ՛, ԴՈՒ ԿՅԱՆՔԻ ԾԱՂԿԱԾ ԾԱՌՆ ԵՍ, ՈՐ … ՄԱՐԴԿԱՆՑ ՏՎԵՑԻՐ ԵՐԿՆՔԻՑ ԻՋԱԾ ՀԱՑԸ» (Շարական)Սիրելի՛ք,Ավետման տոնը Հայ Առաքելական եկեղեցու նվիրական տոներից է և իր մեջ գարնանային վերազարթոնքի ու ծաղկունքի շունչն ունի: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր կարգադրությամբ այս օրը սահմանված է որպես Մայրության օրհնության օր: Ապրիլի 7-ը նշանավորվեց նախադեպը չունեցող մի իրադարձությամբ. Գաբրիել հրեշտակապետը շնորհընկալ կույսին ավետեց Փրկչի ծնունդը. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ դու Աստծուց շնորհ գտար: Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես: Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի…» (Ղուկաս Ա 30-32):Սուրբ Կույս Աստվածածինը դարեր շարունակ Հայաստանյայց Եկեղեցու համար եղել է խնկարկման արժանի բացառիկ, մաքրամաքուր մի անձ, ով իր մեջ կրել է Միածին Որդի Հիսուս Քրիստոսին: Իր կուսական կյանքով, առաքինի վարքով ու խոնարհությամբ նա դարձավ Աստվածամայր, դարձավ սուրբ անոթ Աստծո մարդեղության: Սուրբ Կույսը Հաղթանակած եկեղեցու գլուխն է: Հայոց օջախների նվիրական մի անկյունում մեզ է նայում «գեղաթով աչոք» հայուհին՝ իր մանկան հետ: Մայրության գաղափարն առանձնահատուկ կարևորություն ունի հայոց աշխարհում, և դրա վառ վկայությունը Սուրբ Աստվածածնի անունը կրող եկեղեցիների անհամեմատ առատությունն է: Սուրբ Կույսը ողջ հայության մայրության խորհրդանիշն է. մայր, ով ծնեց Միածինը, Ով Իր Արյունն իբրև փրկագին նվիրաբերեց մարդկությանը: Սիրելի՛ մայրեր և քույրեր, մայրությունն ինքնազոհաբերման, նվիրումի արվեստ է, այն անփոխարինելի շնորհ է, առավելագույնն է, ինչ Աստված պարգևել է կնոջը: Այսօր կրկի՛ն և առավել ևս արժևորենք մայրության գեղեցկագույն և աստվածապարգև կոչումը հայոց ազգի մեջ: Մեզանում գնահատանքի առավելագույն աստիճանի հասցնենք բարոյական առողջ սկզբունքները: Երեխաներին իբրև հայ քրիստոնյա դաստիարակելը հայ մայրերի սուրբ պարտքն է: Մեր ազգի հարատևության ուժն ամուր ընտանիքն է: Աստվածամոր հեզությունն ու խոնարհությունը դարձրեք ձեր պարանոցի զարդը: Աստծո արարչագործության բացառիկ մենաշնորհը կա և թող միշտ մնա ձեր երջանկության գրավականը: Հայցեք ամենաօրհնյալ Աստվածամոր բարեխոսությունը՝ իբրև Մայր Թագուհի երկնքի ու երկրի և համայն մարդկության: Ավետման տոնական այս օրը թող բերկրություն պարգևի ձեզ՝ աստվածային օրհնությամբ և հոգու խնդությամբ լցնելով ձեր հարկերը: Սուրբ Տիրամոր և Միածին Որդու պահապան Աջը հովանի լինի ձեզ՝ սիրով համակելով ձեր հոգիները: Այն թող առատանա ձեր մեջ՝ որպես հույսի, փոխադարձ սիրո, համերաշխության և խաղաղության պարգև: Սիրո անհուն զգացումով՝

Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2014-04-04
×