Այս շարականի բառերը ,եթե լսվում են Վաղարշապատի փողոցներում նշանակում է Էջմիածնի Մայր Տաճարից հանդիսավոր թափորը առաջնորդվում է Ս․ Հռիփսիմե վանք՝ տոնախմբելու կույսերի հիշատակը:
Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք, ապա հանդգնել մերժել հեթանոս արքայի սերը և նահատակվել որպես քրիստոնյա, քան գերի լինել հեթանոսի զգացմունքներին: Այս տարի տոնը եռակի էր, քանի որ 2018 թվականին լրանում է Վաղարշապատի Ս. Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400 ամյակը և Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակը։
Եկեղեցու բակը լի էր բազմաթիվ ուխտավորներով։ Տոնի առթիվ վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Սուրբ Պատարագի վերջում հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Ս. Հռիփսիմեի վանքի 1400-ամյա հոբելյանի առիթով և կատարվեց անդաստանի կարգ: