Սուրբ Գայանյանց կույսերի տոնը

Սուրբ Գայանյանց կույսերի տոնը

Հայ առաքելական եկեղեցին Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց նշում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի տոները` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: 

 

Պատահական  չէ, որ մեր եկեղեցու հայրերը այս կույսերի  հիշատակի տոները կարգել են  Հոգեգալստյան տոնից անմիջապես հետո. Եթե Հոգեգալուստով սկիզբը դրվեց  Քրիստոսի Ընդհանրական  Եկեղեցու, ապա Սբ. Հռիփսիմյան ու Գայանյան կույսերի նահատակությունը  և  ապա  Սբ. Գրիգոր  Լուսավորչի՝ Վիրապից ելքը նախապատրաստեցին  Հայ Առաքելական  Սուրբ  Եկեղեցու  ծնունդը:

 

Սբ. Գրիգոր  Լուսավորիչը, նահատակ կույսերի  հիշատակը տոնելիս, մի քարոզ է ասում , որը այսօր էլ,  Հայոց ժամագրքի  մի միավորը լինելով,  Սբ. Հռիփսիմյանց ու Սբ. Գայանյանց տոներին  երգվում է  եկեղեցում.

 

-Աստված մեծ, հզոր և փառավորյալ,

Սուրբերին լուսավորող և նրանց մեջ բնակվող,

Սուրբ Հռիփսիմյանց չարչարանքը բարեխոս ունենք Քո առաջ:

Աղաչում ենք՝ լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:

 

Մաքրագործեցին իրենց անձերը

Որպես տաճար Քո սուրբ անվան՝

Իրենց միտքն ու խորհուրդները մաքրելով

Քո սուրբ երկյուղով,

Եվ երկնային հոգեղեն հրեշտակներին դասակից եղան:

Աղաչում ենք՝ լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր…

 

Ս. Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում է գտնվում Ս. Գայանե վանքը: Այնտեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301-ին Գրիգոր Ա Լուսավորչի նախաձեռնությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395-ին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Ս. Գայանեի վկայարանը: 630-ին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով կառուցել այսօր կանգուն Ս. Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել: Ս. Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու` հարավ-արևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը: 

 

 

Լուսանկարները՝ Զարա Ղազարյանի:

  • 2018-05-29
×