Իմաստուն աշակերտը

Իմաստուն աշակերտը

Մի սուրբ ճգնավոր է լինում, աղոթասեր, իմաստուն, ում համբավը տարածված էր ամենուրեք: Նա ճգնարան չուներ և փնտրում էր, որպեսզի կարողանար այդտեղ ապրել, աղոթել և իր կենցաղն անցկացնել: Մի ծեր ասում է. «Ես մի առանձին խուց ունեմ: Եկ, այդ խցի մեջ ճգնիր, ապրիր, ապաշխարիր, աղոթիր, մինչև որ Աստված հաջողի, և քո սենյակն ունենաս»: Սուրբ ճգնավորը համաձայնվում է և գալիս է այդ ծերի հարևանությամբ ապրելու: Քանի որ սուրբ ճգնավորի համբավը շատ մեծ էր, մարդկանց հոսքը նրա խցից չէր դադարում. մարդիկ գալիս էին օրհնություն ստանալու, իրենց մեղքերը խոստովանելու, իրենց հարցերին պատասխաններ գտնելու: Եվ այդ ծերը սկսում է նախանձով լցվել սուրբ ճգնավորի հանդեպ: Իր աշակերտին ուղարկում է ճգնավորին ասելու, որ հեռանա իր խցից: Աշակերտը ճգնավորի մոտ գալով՝ ասում է. «Իմ ծերը քեզնով, քո առողջությամբ է հետաքրքրվում, ինչպե՞ս ես»: Ճգնավորը պատասխանում է. «Մեր ծերին ասեք, որ աղոթի ինձ համար, որպեսզի Աստված իմ ստամոքսի տկարությունները ինձ հաղթահարել տա»: Աշակերտը ծերի մոտ վերադառնալով՝ հայտնում է, որ ճգնավորը երկու օրից դուրս կգա: Սակայն ծերը չէր համբերում, կրկին ուղարկում է իր աշակերտին՝ ճգնավորին ասելու, որ անմիջապես դուրս գա: Աշակերտն էլ ճգնավորի մոտ գալով՝ նորից հետաքրքրվում է իր առողջությամբ: Ճգնավորն էլ աշակերտին խնդրում է, որ իր ծերին հայտնի, որ արդեն լավ է, ծերի աղոթքներով ապաքինվել է: Վերադառնալով աշակերտը ծերին ասում է, թե ճգնավորը կիրակի օրը միայն դուրս կգա: Ծերը մի կերպ համբերում է մինչև կիրակի, բայց տեսնելով, որ ճգնավորը դուրս չի գալիս, բարկանում է, վերցնում է իր գավազանն ու գնում ճգնավորին խցից դուրս հանելու: Սակայն աշակերտը խնդրում է ծերին, որ թույլ տա նախ իրեն գնալ ճգնավորի մոտ՝ համոզվելու, որ խցում նա մենակ է, որ այլ մարդկանց համար գայթակղություն չլինի: Եվ ծերից առաջ հասնելով ճգնավորի խուցն՝ ասում է. «Իմ ծերը եկել է քեզ տեսնելու, քո առողջությամբ է մտահոգված»: Այս լսելով՝ ճգնավորը անմիջապես ընդառաջ է գնում, խոնարհվում և երկրպագում է ծերին: Սա տեսնելով՝ ծերը զարմանում է, խոնարհվում է, նախանձը, չար խորհուրդները հեռանում են իրենից և ընկնելով ճգնավորի առաջ՝, խնդրում է իր համար աղոթել: Նրանք ողջագուրվում են, հաշտվում: Երբ ճգնավորը հեռանում է, ծերն իր աշակերտին ասում է. «Դու ես իմ ուսուցիչը, որովհետև քո իմաստությամբ փրկեցիր իմ հոգին նախանձից, չարի խաբկանքներից և եղբորն էլ՝ դատապարտությունից»: Եվ այսպիսով, երկուսին էլ հաշտեցրեց աշակերտը, ով աստվածային իմաստություն ուներ: Ամեն:  

  • 2014-04-03
×