Գտնված երազից մինչև Պույ-Պույ մկնիկ, Մասիս սարից մինչև հայկական տարբեր եկեղեցիներ, բնության տեսարաններ ու դեմքեր։ Մայիսի 27-ին Նորք-Մարաշ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու ուսումնական կենտրոնի նկարչության խմբակի սաները ներկայացրեցին իրենց անդրանիկ աշխատանքները։ Երկար և քրտնաջան աշխատանքը տվեց ցանկալի արդյունքը։ Այսօր արդեն եկեղեցու բակը լի էր մարդկանցով, ովքեր եկել էին տեսնելու երեխաների աշխատանքները։
Նկարներում և առհասարակ արվեստում արտահայտվում է տվյալ արվեստագետի ընալումները աշխարհի ու աշխարհում տարածված գաղափարների մասին։
Նկարներից երևում է տվյալ նկարչի տրամադրությունը, հոգեվիճակը, աշխարհընկալումը։ Եկեղեցու բակում փակցված նկարների մեջ հետաքրքիր կերպով առանձնանում էր կապույտ մազերով, կանաչ գլխարկով ու դեղին փողկապով ծաղրածուի պատկերը։
Փոքրիկ նկարիչը միգուցե ոչ մի գաղտնի իմաստ չի դրել նկարում, սակայն ամեն մեկն այն կարող է բացատրել յուրովի։ Գուցե նկարիչը ցանկացել է ասել, որ որքան էլ տխուր լինեք՝ ժպտացեք և երջանկացրեք ձեր կողքիններին։ Կամ, որ կյանքին հարկավոր է հումորով վերաբերվել։ Ինչևէ, կարևորն այն է, որ այս փոքրիկների նկարները «խոսում են»։ Մեկը պատմում է համեստ նկարչուհու մասին, մյուսը՝ ապագա լուրջ արվեստագետի։
Արդեն մոտ մեկ տարի է, ինչ եկեղեցուն կից գործում է նկարչության այս խմբակը։ Խմբի ղեկավար տիկին Անահիտի ջանքերով այսօր սաները կարողանում են թղթին հանձնել այն, ինչ զգում են ու տեսնում։
Նկարչությունը փոքրիկների համար ինքնաարտահայտման, գեղեցիկը տեսնելու և թաքնված հրաշքները բացահայտելու լավագույն միջոցներից է։ Եվ այս կարևոր ճանապարհին ցուցահանդեսը եղավ նրանց փոքրիկ, բայց առաջին քայլը։
Հասմիկ Թամամյան