Մեկշաբաթյա բակային ճամբար Ս. Հովհաննես եկեղեցու բակում
Մեկշաբաթյա բակային ճամբար Ս. Հովհաննես եկեղեցու բակում
Առավոտյան նախավարժանք, աղոթք, բակային խաղեր, հոգևոր դասեր և, իհարկե, հանգստի ժամ։ Մեկ շաբաթ շարունակ Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու օրակարգը «կորոշեն» երեխաները։
-Թելն անցկացնում ենք աջ ձեռքի միջնամատին, հետո ամուր փաթաթում հոլին ու որքան հնարավոր է արագ՝ նետում հատակին,- Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը Նարեկին բացատրում է հոլ խաղալու գաղտիքներն ու մեծ ոգևորությամբ վերհիշում իր մանկությունը:
Հունիսի 4-ին երեխաներն ու եկեղեցու հոգևոր հովիվը պատրաստվում էին եկեղեցուն կից բակային ճամբարին:
-Արդեն երկորդ տարին է, ինչ մասնակցում եմ ճամբարին: Այն հետաքրքրացնում է առօրյաս, նոր բաներ եմ սովորում, հին հայկական խաղեր եմ խաղում: Օրինակ, անցած տարվանից շատ օգտակար մի բան եմ սովորել. Գևորգը՝ ճամբարի ղեկավարը, մեզ բացատրել էր «Հայր մեր» աղոթքի նշանակությունը: Այս տարի հուսով եմ էլի լավ բաներ կսովորեմ,- ասում է ճամբարի մասնակիցներից Կարենը:
Արդեն մի քանի տարի է, ինչ եկեղեցուն կից կազմակերպվում է ամառային բակային ճամբար: Այս տարի այն տևելու է մեկ շաբաթ, որից հետո մասնակիցները կմեկնեն ուխտագնացության՝ Խոր Վիրապ:
-Ամեն օր գալիս եմ եկեղեցի, աղոթում եմ ու խաղաղվում եմ: Ճամբարում էլ հա՛մ խաղում եմ, հա՛մ աղոթքներ եմ սովորում,- ասում է Նարեկն ու հոլ պտտում:
Ճամբարային առօրյան երեխաներին օգնում է ավելի մոտենալ եկեղեցուն, ծանոթանալ եկեղեցական առօրյային, նոր ընկերներ և նոր գիտելիքներ ձեռք բերել: