Երբ ասում ենք խաղաղություն, պատկերցնում ենք կապույտ գույն: Ասում ենք բնություն, պատկերացնում ենք կանաչ, բարկություն՝ կարմիր և այլն։ Հետաքրքիր է՝ ի՞նչ գույն ունի անկախությունը։
Թե ինչ գույների մեջ են տեսնում և ինչպես են զգում անկախությունը երիտասարդ արվեստագետները, պարզ դարձավ հունիսի 5-ին՝ Բնության պետական թանգարանում։
«Անկախության բնական գույները» այս խորագիրն էր կրում Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ կազմակերպված «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի կողմից:
Հիմնադրամի գիտական գծով ղեկավար Էլինա Միրզոյանի խոսքով, ցուցահանդեսը նպատակ ունի տարածել հայկական մշակութային արժեքները և դրանց հիմքի վրա ստեղծել նոր աշխատանքներ․
«Ծրագրի շրջանակներում, այս աշխատանքների շնորհիվ, մենք նոր գույներով ենք լցնում մարդկանց առօրյան»,- հավելեց Էլինան։
Ցուցահանդեսի մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով, որից հետո Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցու խորհրդակատար քահանա Տեր Շահե Հայրապետյանը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը։
Ցուցահանդեսին ներկայացված էին հայոց տառերի մանրանկարներ (կոլաժներ), «Քո տառը» նկարչական հավաքածու (մանրանկարչություն), զորավոր խաչեր (բատիկա), տառերի կոլաժներ (բատիկա), սրբապատկերներ (բատիկա), «Բնապատկեր» նկարչական հավաքածու (գեղանկարչություն), մանկական գիրք (զարդատառերի կիրառություն) և հեղինակային այլ աշխատանքներ:
Հունիսի 5-ին նշվում է բնապահպանի օրը: Թանգարանի կարևորագույն նպատակներից մեկն էլ հանդիսանում է աշխարհին ներկայացնել Հայաստանի չքնաղ բնության յուրօրինակությունը։ Այս առիթով միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև Ժող. վարպետ, նկարչուհի Անահիտ Խաչատրյանի բնապահպանական լուսանկարները։
Անկախությունն ամեն մարդ ընկալում և վերարտադրում է յուրովի, այդ իսկ պատճառով դրա գույներն ու արտահայտման ձևերն էլ տարբեր են ստացվում։