Բոլորիս էլ ծանոթ է սիրելու և սիրված լինելու զգացողությունը: Սիրո կարիք ունեն բոլորը, բայց ինչպե՞ս սեր նվիրել անծանոթին:
Այս հարցի պատասխանը այսօր տվեց Մոսկվա կինոթատրոնի դահլիճներից մեկի հսկիչ աշխատակցուհին:
Հունիսի 6-ին ԱՀԹ Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների Տիկնանց միության նախաձեռնությամբ և լոնդոնաբնակ Անահիտ Փիլիպոսյանի բարերարությամբ՝ «Սեր հանուն սիրո» ծրագրի շրջանակներում, Խարբերդի մասնագիտացված մանկատան շուրջ 20 մանուկներ այցելեցին Մոսկվա կինոթատրոն՝ դիտելու «Մայա մեղուն» մուլտֆիլմը:
Մուլտֆիլմի ամբողջ ընթացքում աշխատակցուհին հետաքրքրվում էր, թե երեխաներն ինչպե՞ս են իրենց զգում, ինչ-որ բանի կարիք ունե՞ն, թե՝ ոչ, իսկ վերջում, իր սերը դրսևորելու համար, բոլոր երեխաներին քաղցրավենիք հյուրասիրեց:
«Փոքրիկները շատ լավն են և մեր սիրո կարիքն ունեն: Ինչ-որ բան էի ցանկանում անել նրանց համար: Ուզում եմ նրանք զգան, որ իրենց սիրում են»,-ասում է աշխատակցուհին:
Արդեն երեք տարի է, ինչ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի նախաձեռնությամբ իրականացվում է «Սեր հանուն սիրո» բարեգործական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում դրամական և ոչ դրամական օգնություն է տրամադրվում սոցիալապես անապահով ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, զինծառայողների ընտանիքներին, սիրիահայերին և այլ կարիքավոր անձանց:
Այս նախաձեռնությունը սովորեցնում է, թե ինչպես կարելի է հոգ տանել դիմացինի մասին, սիրել անծանոթին ու սեր նվիրել նրան, սակայն այս ամենը միակողմանի չէ, քանի որ երբ սեր ես նվիրում, որպես պատասխան դու նույնպես սեր ես ստանում:
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում:
Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ (Ա Հովհ. 4,16):
Ինչպե՞ս սեր նվիրել: Ուղղակի սկսեք նկատել դիմացինի կարիքները: Գուցե մեկի համար սերը ժպիտով բարի լույս ասելն է կամ մուլտֆիլմ դիտելու եկած երեխային մեկ հատ կոնֆետ նվիրելը:
Հասմիկ Թամամյան