Արարատյան Հայրապետական թեմի ՀԵԵՄ կրթադաստիարակչական կենտրոնը հունիսի 6-ին բացեց Ամառային դպրոցի դռները` նախատեսված 6-12 տարեկան երեխաների համար:
Ամռան արձակուրդներին երեխաների առօրյան կկազմակերպվի օգտակար ու հաճելի միջավայրում: Ամառային դպրոցում երեխաները կուսումնասիրեն հայոց լեզու, գրականություն, էթիկա, խոսքի մշակույթ, հոգեբանություն և այլ հետաքրքիր առարկաներ: Կգործի նաև քրիստոնեական խմբակ:
Ուսումնական կենտրոնի տնօրեն Սուսաննա Գրիգորյանը նշեց, որ երեխաները բավական ոգևորված են եկել.
«Երեխաների առօրյան հետաքրքիր դարձնելու համար մշակել ենք բավական հագեցած, բայց միևնույն ժամանակ ոչ շատ ծանր դասացուցակ: Մեր մասնագետների հետ փորձելու ենք երեխաների ամեն օրը դարձնել ավելի ուրախ, թեթև և օգտակար»:
Դպրոցի բացման միջոցառումը սկսվեց աղոթքով: Տեր Եսայի քահանա Արթենյանը ողջունեց երեխաներին և բարի գալուստ մաղթեց, որից հետո փոքրիկները սկսեցին իրենց խաղ-դասերը:
Նկարչության դասաժամի հանձնարարությունը եկեղեցի նկարելն էր, որը ապագա նկարիչ Դավիթը կատարեց մեծ սիրով:
«Աստվածատուն եմ նկարել: Մեր կողքի Աստվածատուննա, չե՞ս տեսել: Շատ եմ սիրում նկարել, որ մեծանամ նկարիչ եմ դառնալու»,- ասում է Դավիթն ու արագ-արագ իր նկարած եկեղեցու տանիքին 7 հատ խաչ նկարում:
Խաղեր, դասեր, նոր ընկերներ և հոգևոր գիտելիքներ: Ամռան երեք ամիսների ընթացքում երեխաները կսովորեն ինչպես համատեղել խաղերը և դասերը: