Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը պաշտոնապես հայտարարում է

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը պաշտոնապես հայտարարում է

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը պաշտոնապես հայտարարում է

Բացարձակ սուտ է մամուլում շրջանառվող անհասցե ու ստահոդ այն «տեղեկությունը», թե իբր Նավասարդ Սրբազանը կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում: Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ինչպես միշտ, այս օրերին ևս կանգնած է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու միասնականության: 

 

Մասնակիցը լինելով այս օրերին Մայր Աթոռում անցկացվող Գերագույն Հոգևոր, միաբանական և եպիսկոպոսական ժողովների՝ Նավասարդ Սրբազանն իր աներկբա բացասական վերաբերմունքն է արտահայտել արհեստականորեն ստեղծված իրավիճակին՝ ստորագրելով ժողովականների հայտարարությունները: Դրանց տրամաբանությունից դուրս ցանկացած ենթադրություն պարզապես հերյուրանք է: 

 

Սովորաբար սուտ ու անհեղինակ հրապարակումներին չենք արձագանքում՝ դրանց ավելորդ կարևորություն չտալու համար, սակայն այս հարցը վերաբերում է մեր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյակների առաքելության պահպանմանը: Յուրաքանչյուր վրիպում, բամբասանք կամ հիվանդ երևակայության արգասիք կարող են անդառնալիորեն վնասել հայրավանդ մեր ընթացքին, Հայ Եկեղեցու ամրությանն ու անվերապահ հեղինակությանը:

 

Եվս մեկ անգամ կոչ ենք անում հեռու մնալ արժանապատիվ մարդուն ոչ հարիր ձևով սուտ «տեղեկությունների» տարածումից, գործել ի նպաստ Հայ Եկեղեցու զորացման և Ս. Լուսավորչի գահի ամրության: Այս օրերին յուրաքանչյուրս պարտավոր է գիտակցել պատասխանատվության այն մեծ աստիճանը, որ ունենք մեր Եկեղեցու և գալիք սերունդների առաջ, չենթարկվել սադրանքների ու  խաղաղարար ոգով հանապազ աղոթել ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո:

 

Աղոթում ենք, որ Սուրբ Հոգին իմաստնություն ու խաղաղություն շնորհի բոլորիս:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2018-06-12
×