Արմունկները կոնքերից առաջ, ձեռքերը՝ վերև, ափերը՝ բաց: Պարային այսպիսի առաջնային հրահանգներով հունիսի 14-ին՝ Նոր Նորքի առաջին զանգվածի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում, «Որդիք լուսոյ» երիտասարդաց միության ջանքերով և հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի օրհնությամբ մեկնարկեց ազգային պարերի ուսուցման ծրագիրը:
Աստվածածին եկեղեցու բակում ազգային պարերի երեկոյի մեկնարկը տրվեց համանուն պարով, որ նախկինում նվիրված է եղել Անահիտ աստվածուհուն, իսկ քրիստոնեությունից հետո վերաիմաստավորվել և նվիրվել է Աստվածամորը: Պարի շարժումները խորհրդանշում են խոնարհում Աստվածածնին:
Մասնակիցների խոսքերով համայնքային զարգացման համար ազգային պարերը առանցքային դեր են խաղում, դրանք հիմք են դնում որոշակի արժեքների, գաղափարների, մտածելակերպի:
Այսպիսի միջավայրում չէր կարող չհնչել նաև գյովնդի պարեղանակը, քանի որ այն եղել է համայնքային պար:
Ծրագիրը միտված է ոչ միայն համայնքային կյանքը ամրապնդելուն ու զարգացնելուն, այլև՝ ազգային պարերի արմատացմանը:
Հայկական ավանդական պարերի ուսուցման երկար սպասված առաջին հանդիպումը կայացած է: Որպես առաջին դասընթաց, այն կրում էր ներածական բնույթ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան մի շարք պարերի նշանակությանը, դրանց պատմական զարգացման ընթացքին, ինչպես նաև սովորեցին որոշ պարերի շարժումներ։
Այսուհետ, ազգային ռիթմի ներքո, կհանդիպենք ամեն հինգշաբթի՝ ժամը 18:30-ին, Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու բակում:
Զարա Ղազարյան